Հրազդանի կիրճում շաբաթ-կիրակի երթևեկությունը պետք է արգելվի․Ավինյան

«Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը խթանելու նպատակով շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում ավտոմեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել` առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարական ձևակերպեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հայտնելով, թե հարցը մեկ անգամ արդեն քննարկել են, տեղը ֆիքսել և պետք է ընդամենն իրականացնել՝ Ավինյանը նշեց. «Նաև պետք է որոշակի հնարավորություններ ստեղծենք, եթե դրա կարիքը կա, նույնիսկ օրենսդրական, որ թաքնված շլագբաումներից կարողանանք դնել և հեռակառավարել, որովհետև շատ դեպքերում անընդհատ վարչարարությունն իրականացնելը ոչ էֆեկտիվ է, եթե կարելի է ուղղակի այդ օրերին ճանապարհը փակել»:

Նա ասաց, որ պարեկային ծառայության ռեսուրսները խնայելու համար պետք է փորձել շաբաթ-կիրակի օրերին արգելափակոցով երթևեկությունը սահմանափակել:

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը հայտնեց, որ իրավական առումով «շլագբաումներով» երթևեկության արգելման մեխանիզմ չկա, բայց կքննարկեն պարեկային ծառայության հետ:

«Պարեկային ծառայության ռեսուրսներն անսահմանափակ չեն»,-ասաց քաղաքապետը և բերեց այլ երկրների օրինակը, երբ նման լուծում է տրվել: