Մաշտոցի պողոտայում 100-ամյա սոսիներ են մասնակի հատել. 34-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Վանդալիզմ Մաշտոցի 52 հասցեում: Կառուցվող հյուրանոցի դեմ-դիմաց գտնվող, Կարմիր գրքում գրանցված սոսիները վնասվել և ապօրինի մասնակի հատվել են: Հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

Ավելի վաղ «էս էո Հոթել» ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարան՝ շինությանը մոտ գտնվող սոսիների էտման համար:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը էտը թույլատրել է միայն կազմակերպության դենդրոլոգի ներկայությամբ ու ցուցումով: Մասնագետի հեռանալուց հետո, սակայն, անտեսելով բոլոր զգուշացումները՝ հաստ ճյուղեր չհատելու վերաբերյալ, կատարվել է շուրջ 100-ամյա ծառերի մասնակի հատում:

Նշենք, որ մինչև այս հյուրանոցի պատասխանատուները բազմիցս դիմել էին՝ ծառահատում իրականացնելու համար, ինչը կտրուկ մերժվել էր:

Հողի վիճակը գնահատելու և լաբորատոր փորձաքննության համար տեղում հրավիրվել են հողագիտության ինստիտուտից մասնագետներ, կատարվել է հողի նմուշառում: Կենսունակությունը գրեթե կորցրած ծառի արմատային համակարգի մոտ հայտանբերվել են քիմիական նյութեր և հատուկ սարքով արված անցքեր:

Կանաչապատման ՀՈԱԿ-ը կփորձի վերադարձնել ծառերի կենսունակությունը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնականի բաժին են ներկայացրել Չարենցավանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: