Հասցեական ուղերձներ Թեհրանից՝ ուղղված Բաքվին և Անկարային
Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիան կանգնեցնելու, միասնաբար համակարգված կերպով գործելու, համամուսուլմանական ճակատ ձևավորելու նպատակով նախօրեին Իրանի կողմից երկու կարևոր ուղերձներ են հնչել, որոնք հստակ հասցեատերեր ունեն՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի։
Մասնավորապես, Իրանի հոգևոր առաջնորդն ու ԱԳ նախարարը կոչ են արել՝ «արգելափակելու սիոնիստական ռեժիմին նավթի և նավթամթեքի մատակարարումները»։
Ընդամենը հարկ է հիշեցնել, որ Իսրայելի նավթի առանցքային հովանավորն Ադրբեջանն է, իսկ մատակարարման առանցքային տարանցիկ երկիրը՝ Թուրքիան։
Իսրայելապաղեստինյան հակամարտության ընթացիկ շրջափուլի վերջին օրերին Իրանի, պաղեստինյան որոշ դերակատարների կողմից ակնհայտորեն փորձ է արվում բյուրեղացնել Թուրքիային և Ադրբեջանին ձևական՝ հռետորաբանության հարթությունից առարկայական քայլերի մղելու ուղեգիծը։ Չնայած, որ, դրա հաջողելու հավանականությունը խիստ կասկածելի է։
Բայց այն, որ իսրայելապաղեստինյան հակամարտությունն ավելի է մեծացրել նաև Իրան-Թուրքիա մրցակցությունը, միանշանակ է։ Եվ, ի տարբերություն Իրանի մտահոգ և նպատակային ակտիվությանը, Թուրքիան առայժմ սահմանափակվում է զուտ քաղաքական հռետորաբանությամբ, դիվանագիտական մանևրներով և քարոզչությամբ։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյան