«3+3» ձևաչափին մասնակցության կարևորությունն ու հնարավոր վտանգները Հայաստանի համար

Տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը գրել է․

«2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ԱԳ փոխնախարարների մակարդակով տեղի ունեցած «3+3» ձևաչափի «հիմնադիր» հանդիպումից միայն շուրջ 2 տարի անց հնարավոր եղավ կազմակերպել ձևաչափի հաջորդ հանդիպումը, այս անգամ՝ Թեհրանում և դարձյալ առանց Վրաստանի մասնակցության։

Ի սկզբանե, Թուրքիայի նախագահի կողմից նախաձեռնված, առաջնահերթ կերպով Անկարայի, Բաքվի, Թեհրանի շահերից բխող այս ձևաչափը ներկայում՝ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում, խիստ անհրաժեշտ է նաև Մոսկվային։

Հայաստանի մասնակցությունն այս ձևաչափին միշտ եղել է խնդրահարույց, բայց օբյեկտիվորեն անհրաժեշտ՝ հաշվի առնելով տարածաշրջանի տարաբնույթ առանձնահատկությունները։ Օրինակ, միայն «3+3»-ի մեկնարկային հանդիպմանը մասնակցելուց հետո հնարավոր եղավ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, որը մինչաշխարհակարգային

փոփոխություններն օբյեկտիվորեն օգտակար էր գնահատվում Երևանի համար։

Մինչդեռ «3+3»-ի վերակենդանացման գործընթացը և Հայաստանին դրա մասնակցությունը ներկա ժամանակային և աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունք/հետևանքներ, որոնք կարելի է թվարկել հետևյալ պայմանական դասակարգմամբ.

  1. Թեհրանյան հանդիպմանը մասնակցելով՝ Հայաստանը միանշանակ աջակցություն է ցուցաբերում Իրանին վերջինի համար բարդագույն տարածաշրջանային իրավիճակում։ Թեհրանի հակառակորդները ձգտում են թուլացնել նրա դիրքերն ինչպես Մերձավոր Արևելքում՝ իսրայելապաղեստինյան հիմնախնդրով պայմանավորված, այնպես էլ Հարավային Կովկասում։

Ուստի ներկայում Թեհրանում հանդիպման կայացումը հնարավորություն է Իրանի համար՝ վերահաստատելու իր սկզբունքային դիրքորոշումը նաև հարավկովկասյան ապաշրջափակման համատեքստում, որը բովանդակային առումով համընկնում է Երևանի շահերի հետ։

  1. Միանշանակ է, որ «3+3»ի կտրուկ ակտիվացմամբ ներկայում էական հարցեր են փորձում լուծել Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը։ Առաջնահերթն արևմտյան ձևաչափերում Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացի տորպեդահարումն է, որը հատկապես կարևոր է տարածաշրջանային ապաշրջափակման տեսանկյունից։ Ուստի Բաքուն, Անակարայի և Մոսկվայի համակողմանի աջակցությամբ, ամեն կերպ փորձելու է օգտագործել նաև «3+3»-ի գործոնը՝ արևմտյան հարթակներից խուսափելու համար։
  2. Չի բացառվում, որ առարկայական քայլերով Ադրբեջանին արևմտյան հարթակներ վերադարձնելու և նախապես տված խոստումներն ի կատար ածելու ցանկություն/լծակներ չունեցող արևմտյան դերակատարները հետագայում իրենց անգործությունը փորձեն հիմնավորել Հայաստանի կողմից «3+3»-ին մասնակցությամբ և կարգավորման գործընթացի համար այս ձևաչափի առաջմղմամբ. աշխարհաքաղաքական նման իրավիճակներում այդպիսի գործելաոճը շատ տարածված է։
  3. Նման բարդագույն իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումը կլիներ, իհարկե, ժամանակ ձգելը՝ «3+3»-ին մասնակցելն առնվազն արևմտյան հարթակներից որևէ մեկում բանակցություններից հետո։ Բայց, ավաղ, ներկա ժամանակային իրողություններում նման դիրքավորումը խիստ վտանգավոր է, քանի որ պաղեստինյան հիմնախնդրով պայմանավորված՝ Իրանի բոլոր հակառակորդները բոլոր տարածաշրջաններում միաժամանակ փորձում են թուլացնել նրա դիրքերը։ Մեր տարածաշրջանում էլ դրա հնարավոր սցենարներից մեկը Սյունիքում անականկալ պատերազմն է։
  4. Հետևաբար, նման պայմաններում չբոյկոտելով «3+3» ձևաչափը, Հայաստանն, այնուամենայնիվ, պետք է ձգտի հնարավորինս ձգձգել Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին անդրադարձները։ Նշվածն, իհարկե, բարդ է լինելու, քանի որ ձևաչփի մյուս մասնակիցները հենց այդ նպատակով են ակտիվացրել «3+3»-ը, բայց Երևանի այլընտրանքներն էլ սահմանափակ են»։