Իսրայելի բանակը մեզ վրա կրակեց՝ իմանալով, որ այդտեղ հենց լրագրողներ են․ Լեո Նիկոլյանը վիրավոր է

Ռուսական «Առաջին ալիքի» «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ժամանակ ռազմական և միջազգային վերլուծաբան, «Եվրասիական ժառանգություն» հիմնադրամի գլխավոր փորձագետ Ալեքսանդր Արտամոնովը հայտնել է, որ Լիբանանում մի խումբ լրագրողներ հայտնվել են Իսրայելի սահմանի կողմից հասցված ծանր հրետակոծության տակ:

«Լրագրողների խմբից մեկը զոհվել է, մյուսները վիրավորվել են, որոնց թվում է նաև իմ ընկեր Լեո Նիկոլյանը», – տեղեկացրել է նա:

«Իրավունք»ին հաջողվեց կապ հաստատել ֆրանսահայ հետաքննող և ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻ հետ: Նա թեպետ դժվարությամբ էր խոսում՝ առողջական վիճակով պայմանավորված, բայց մեզ վստահեցրեց, որ իր կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Միայն թե դեռ պետք է կազդուրվի, հույս ունի՝ շուտով Հայաստան վերադառնալ: Իսկ թե ինչպես են հայտնվել հրետակոծության տակ, մանրամասնեց հետևյալը. «Իսրայելի բանակը մեզ վրա կրակեց՝ իմանալով, որ այդտեղ հենց լրագրողներ են, որովհետև ամենուր մեծ գրված էր՝ Press: Ունենք վեց ծանր վիրավոր, մեկ զոհ. նա իմ մտերիմ ընկերն էր: Իր մոտ էի թողել նկարահանող տեխնիկաս և գնացել էի ջուր խմելու: Ինձ փրկեց իմ գնալջուր խմելը, որովհետև մենք միշտ միասին էինք ու, փաստորեն, ես նույնպես պետք է լինեի զոհերի թվում: Մեկ րոպե հետո եկա, արդեն պայթյունը եղել էր, ընկերս մոխրացել էր, տեխնիկաս՝ փչացել»:

Լ. Նիկոլյանը պատմեց, որ լրագրողների խմբում եղել են «Ֆրանսպրես»-ի լիբանանյան երկու թղթակից, «Ռոյթերս»-ից երկու լրագրող և օպերատոր, Լիբանանի հեռուստատեսությունից և ռադիոյից լրագրողներ:

Անդրադառնալով պաղեստինաիսրայելական պատերազմի հետևանքով Լիբանանում ստեղծված իրավիճակին՝ Լ. Նիկոլյանն ընդգծեց. «Չգիտեմ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը լավ բան արեց, թե՝ ոչ, բայց սա ծանր օպերացիա էր: Եվ հիմա Իսրայելը 10 անգամ ավելի ուժեղ վրեժ է լուծում: Վիճակագրության համաձայն, միշտ երբ մի հրեա է մեռնում, իրենք 10-18 արաբ են սպանում: Իրավիճակը շատ լուրջ է, Լիբանանն ամբողջությամբ տակնուվրա են արել, ահավոր է»: