Արցախից բռնի տեղահանված ուսանողները պահանջում են վերաբացել Արցախի մայր բուհը

Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Աշխեն Ասրյանը գրել է

«Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Աշխեն Ասրյանս և Ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանը պահանջում ենք վերականգնել բուհի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը։

«Արցախի անկախության կերտման պատմության ժամանակաընթացքում  Արցախի պետական համալսարանը  եղել է այն կրթական խոշոր կենտրոնը, որ միշտ  կանգնած է եղել անկախության ու պետականաշինության  ակունքներում`դառնալով Արցախի վերածննդի հիմնաքարերից մեկը։

Այսօր`Արցախի լիակատար բռնազավթման պայմաններում, բուհը կանգնած է գոյության հարցի առաջ։

Հանդես գալով ԱրՊՀ ուսանողության անունից` ես`ԱրՊՀ  Ուսանողական գիտական ընկերության նախագահ Աշխեն Ասրյանս և Ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանը պահանջում ենք  վերականգնել բուհի ուսանողների կրթություն ստանալու իրավունքը`  վերաբացելով Արցախի մայր բուհը։

Սիրելի’ ուսանողներ, մեր զոհված դասընկերների շիրիմներն ու նրանց հիշատակին  նվիրված հուշաքարերը մնացին Արցախում, բայց նրանց անունն ու գործը`մեզ հետ։ Հանուն բուհի լինելիության` միացեք պահանջին և կանգնեք բուհի կողքին։

Հարգելի’ դասախոսներ, Դուք կրթել եք Արցախ ազատագրող սերունդ, Դուք կրթել եք ազգի լավագույն զավակներին: Հանուն ձեր այսօրվա սաների կրթության`կանգնեք բուհի կողքին։

Հարգելի’ հայրենակից, դու գիտես, թե ինչեր է տեսել արցախցին, գիտես, թե ինչ է նշանակում լինել հայրենազուրկ, թույլ մի տուր, որ  Արցախի երիտասարդը կորցնի իր տունը հերթական անգամ։ Կանգնիր մեր կողքին, օգնիր, որ միասին կերտենք մեր բուհի ապագան։
#պահելԱրՊՀն
#ԱրՊՀնհանունԱրցախի»։