Նիկոլ Փաշինյանն իր հերթական սխալն է անում՝ մոռացության տալով Արցախյան հարցը. Վարդան Օսկանյան

«Երբ հետևում ես այս օրերին Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականություններին, արած հայտարարություններին, տպավորություն ես ստանում, որ Արցախյան հարցը տրվում է մոռացության»,- ֆեյսբուքյան տեսանյութում ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։  

Նա ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանն իր հերթական սխալն է անում այս հարցը մոռցության տալով. «Թերևս չի սովորում, չի ուզում ընդունի, որ ամեն անգամ ինքը սխալվել է, դրանից առաջ իրեն խորհուրդ է տրվել՝ չանել այդ սխալը, ինքը չի ընդունել, պնդել է իր ասածն ու վատ արդյունք է ունեցել»։

Վ.Օսկանյանի խոսքով, Վլադիմիր Պուտինը վերջերս Փաշինյանին քաղաքականապես ոչնչացրեց. «Նա մի քանի ձևերով հասկացրեց մեզ բոլորիս, որ ձեր կորուստների աղբյուրը Փաշինյանի հայտարարությունն է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա միայն Պուտինի կարծիքը չէ, ԱՄՆ, ԵՄ ղեկավարության կարծիքն էլ, ուղղակի հրապարակային չեն ասում։

Իսկապես, Փաշինյանի ամենամեծ սխալն էր դա, պետք է այդ սխալի համար մեղանչի, պետք է հրաժարական տա այդ սխալի համար»։

Նախկին նախարարի խոսքով, այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան. առաջինը՝  արցախահայությանն իրենց տներն ու հայրենիք վերադարձնելու խնդիրն է:

«Հայրենադարձության խնդիր կա: Սա պետք է օրակարգային հարց դառնա: Սա մեր ժողովրդի արժանապատվության խնդիրն է: Բաքվում այսօր պահվող մեր հայրենակիցների, գերիների, անօրինաբար Բաքվում պահվող Արցախի ղեկավարության վերադարձը Հայաստան, պետք է օրակարգային խնդիր դառնա: Այս երկու խնդիրները օրակարգային պետք է դառնան»,- ասում է Օսկանյանը։

Նա հորդորում է Փաշինյանին փոխել օրակարգը, նորից թելադրի իր տեսակետները, ներակայացնի ՀՀ և Արցախի շահերը, ինչը հրաժարավել է անել։

«Շուտով գնալու ես Բրյուսել՝ ստորագրելու այդ խաղաղության պայմանագիրը, քո օրակարգում ներառի այս խնդիրները, դու չես կարող սրանցից հրաժարվել: Դա իսկապես մեզ համար էքզիստենցիալ խնդիրներ են: Ինչպես ռազմական դաշտում, երբ մենք ունեինք Արցախը, հարակից տարածքները, Հայաստանը  ապահով էինք զգում ռազմական առումով, երբ մենք կորցրեցինք դրանք, Ադրբեջանը ներխուժեց Հայաստան և դեռ գտնվում է Հայաստանում, նույնը դիվանագիտական դաշտում է. երբ հրաժարվում ես Արցախի հարցի բարձրացումից, հարցը գալիս է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Միգուցե, դու շատ չես հասկանում, նույնն է՝ ռազմական և դիվանագիտական երկու հայելային վիճակները»,- ասում է Օսկանյանը:

Նա նշում է, որ  Ադրբեջանը 30 տարի շարունակ երբեք չի հրաժարվել իր քաղաքացիների իրենց տները վերադառնալու պահանջից, նույնը այսօր Հայաստանը պետք է պնդի:

«Դու, Նիկոլ Փաշինյան, այս հարցերը քո ուսերի վրա պետք է վերցնես։ Նորից եմ ասում, եթե չես կարողանում, պատրաստ չես, վախենում ես նոր արհավիրքներից, թող գնա, գա մեկը, որը ավելի համարձակ է, որը կկարողանա այս հարցերը օրակարգ բերել:

Ժամանակն է, որ դու իսկապես կողմնորոշվես՝ որն ես անելու: Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է շատ սուր դրվի Փաշինյանի առաջ։ Թող գնա, եթե չես ուզում անել։  Սա արդեն մեր վերջին հանգրվանն է, չկա ուրիշ բան։ Եթե արցախահայերը չվերադառնան իրենց տները, կամ այդ հարցը կենդանի չպահենք,  Արցախի հարցը սրբվելու է պատմության էջերից, այս իշխանությունները հետամուտ են լինելու, որ դա այպես լինի։ Մենք մենք ազգ ենք, չէ՞, ունենք արժանապատվություն, պետք է դեմ կանգնենք ու թույլ չտանք, որ այս իշխանությունները մեզ տանեն այդ ճանապարհով»,- ասում է Վարդան Օսկանյանը։