Հայը, որը մտածում էր իր հայրենիքի մասին, և իբրև հայ ներկայացող թուրքը կամ ներքին թշնամին, որը հետևողականորեն ձգտում է կործանել Հայաստանը

2008թ. հոկտեմբերի 21- ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով՝ ամփոփելով հայ- ռուսական բանակցությունների արդյունքները:

«Մեր հանդիպումը հերթական անգամ հաստատեց, որ հայ- ռուսական հարաբերություններն ունեն դինամիկ զարգացող դաշնակցային բնույթ,- ասաց Սերժ Սարգսյանը:- Երկու երկրների միջև տեղի է ունենում ակտիվ քաղաքական երկխոսություն, և մենք պատրաստակամություն հայտնեցինք այսուհետ ևս ջանքեր գործադրել արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու ուղղությամբ:

Այսօր ստորագրել ենք մի ծրագիր, որով նախատեսվում է 2009- 10թթ. քաղաքական խորհրդատվություններ անցկացնել արտաքին գերատեսչությունների միջև»

Ս. Սարգսյանը և Դ. Մեդվեդևն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, տարածաշրջանային ու գլոբալ առկա և նոր մարտահրավերներին, դրանց համատեղ դիմակայելու հեռանկարներին:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր երկրների գործակցությանը ՀԱՊԿ- ի, ԱՊՀ- ի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում,- ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը:- Մեր ընդհանուր շահն է՝ էլ ավելի արդյունավետ օգտագործել այդ ինստիտուտների ներուժը, զարգացնել համագործակցության այլ ձևաչափեր: Մտադիր ենք շարունակել համատեղ աշխատանքը Հարավային Կովկասում անվտանգության, խաղաղության և կայունության ուղղությամբ:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ ռուսական կողմը մյուս համանախագահների հետ միասին օժանդակում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, Ռուսաստանն այսուհետ ևս կաջակցի այդ բարդ խնդրի փոխընդունելի կարգավորման տարբերակի որոնումներին»,- հավաստեց Դ. Մեդվեդևն իր պատասխան խոսքում:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների  բարեկամական ու դաշնակցային բնույթին, ՌԴ նախագահը ասաց.

«Մենք ոչ միայն հարևաններ ենք, բարեկամներ և գործընկերներ: Մեր հարաբերությունները յուրատեսսակ «քիմիա» են, որ իրապես հաստատվել են պատմության ընթացքում՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար դժվարին ժամանակներում: Ժամանակի և պատմության փորձությունն անցած այդ հարաբերություններն այսօր ամրապնդված են լուրջ իրավական հենքով և պարզ մարդկային համակրանքներով:

Քիչ առաջ Երևանի կենտրոնում բացված Ռուսաստանի հրապարակը, կարծում եմ, լավագույն ապացույցն է, որ մեր հարաբերությունները թելադրված են ոչ միայն պրագմատիկ աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական հաշվարկներով, այլև դարավոր բարեկամությամբ: Սա ամենաթանկ բանն է մեր հարաբերություններում, որ պարտավոր ենք հավերժ պահպանել»:

Արևմտյան համապատասխան ուժերը, որոնք և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ նրանց միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների թշնամիներն էին և են, լսեցին այս ամենը և որոշեցին, ավելի ճիշտ, դեռ մինչև այդ էլ հավանաբար արդեն որոշել էին Փաշինյանին իշխանության բերելով, ի թիվս այլ նպատակների, հասնել նաև Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական, ՀՀ նախկին ղեկավարության պաշտոնավարման շրջանում նաև ռազմավարական բնույթի դաշնակցային հարաբերությունները փչացնելուն ու նույնիսկ խորտակելուն:

Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ետևում կանգնած ուժերին և անձամբ Ն. Փաշինյանին վերոնշյալ նպատակին հասնելու ճանապարհին ահագին բան արդեն հաջողվել է: Հետևանքները խոստանում են կործանարար լինել Հայաստանի և առնվազն վտանգավոր՝ Ռուսաստանի համար…

Ն. Փաշինյանը, նրա սորոսական և այլ հանցակիցները թիրախավերել են ոչ միայն Ռուսաստանը, այլև ՀԱՊԿ- ը; Եթե Ս. Սարգսյանն ասում էր՝ մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր երկրների գործակցությանը ՀԱՊԿ-ի շրջանակներում, ապա Փաշինյանը հակահայերի իր թիմի հետ միասին («Սասնա ծռեր» և «ԱԺԲ» կոչվածներն էլ՝ նույն թիմում) հնարավոր ամեն ինչ արեցին և անում են ՀԱՊԿ- ն վարկաբեկելու համար, ի վերջո, ՀԱՊԿ- ից Հայաստանը դուրս բերելու, դրան հասնելու նպատակով:

Թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները Փաշինյանն իր հանցախմբի հետ միասին ինչ աստիճանի է իջեցրել, կարելի է գոնե մասնակի պատկերացում կազմել 2023թ. սեպտեմբերի 24-ի նրա, այսպես ասած, անկախության մասին ուղերձից ու հաջորդ օրը դրան ՌԴ արտգործնախարարության պաշտոնական արձագանքից, որից ավելորդ չենք համարում ընդամենը մի հատված մեջբերել ստորև.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի ՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության մասին ուղերձն անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի հասցեին և չի կարող չառաջացնել այլ բան, բացի մերժումից,- նշված է ՌԴ ԱԳՆ սեպտեմբերի 25- ի հայտարարության մեջ:- Ակնհայտորեն փորձ է արվում իր վրայից հանել ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Ն. Վ. Փաշինյանի վերջին խրատաբանությունները հաստատում են մեր ավելի վաղ եզրակացություններն այն մասին, որ Արևմուտքի կողմից ներշնչվող և պաշտոնական Երևանի կողմից խթանվող սեփական երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար ապակառուցողական գործընթացները կրում են ոչ թե դրվագային, այլ համակարգային բնույթ։

Կառավարության ղեկավարն, ըստ էության, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը գիտակցաբար պատրաստվել է Ռուսաստանից շրջադարձի։ Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտորին միտված իրենց քայլերը՝ կոչված սահմանելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, անհամոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի կողմից իբր թույլ տրված սխալներով։ Միևնույն ժամանակ, մոռացվում է, որ մեր պետությունները շատ առումներով նման շահեր ունեն անվտանգության և զարգացման հարցերում, իսկ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրներն իրենց առջև նպատակ են դրել ոչ միայն ռազմավարական վնաս պատճառել Ռուսաստանին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր եվրասիական տարածքը։

Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել դաշնակցային պարտավորություններին, հարգել է հայկական պետականությունը, և երբեք հանրապետությանը չի կանգնեցրել ընտրության առաջ՝ մեզ հետ կամ մեր դեմ։ Մոսկվան ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել լայնածավալ աջակցություն եղբայրական Հայաստանին անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ 2020 թվականի աշնանը հենց Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վ. Վ. Պուտինի ջանքերը հնարավորություն ընձեռեցին թույլ չտալ Հայաստանի լիակատար պարտությունը։ Եթե Ն. Վ. Փաշինյանը շաբաթներ առաջ համաձայնվեր հրադադարին, ապա պարտությունն պակաս ծանր կլիներ։ Վերջապես, Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) ռուս խաղաղապահների անձնուրաց գործունեությունը՝ երբեմն սեփական կյանքի գնով, ուղղակի հաստատում է Ռուսաստանի շարունակական հանձնառությունը՝ կատարելու իր չափազանց բարդ առաքելությունը՝ ի շահ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև խաղաղության ձեռքբերման, ինչի մասին Ն.Վ. Փաշինյանը նախընտրեց լռել» (ընդգծումը՝ մերը)։

Արցախի կործանումից հետո մենք այժմ հստակ և անշեղորեն գնում ենք Հայաստանի կործանման ճանապարհով՝ ընթա՛ցք, որը կասեցնելու միակ միջոցը Ն. Փաշինյանին և իր թիմին իշխանությունից օր առաջ հեռացնելն է:

 

Արմեն Ոսկանյան