Արծվաշեն կուղարկենք քպ-ական ողջ ոհմակին՝ Փաշինյանի ու Աննայի գլխավորությամբ

Այսօր Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ փորձելով կոծկել իր շեֆի ՀՀ պետականության, ամբողջականության դեմ կատարած հանցագործությունները՝ մասնավորապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ նրանց զիջելով ոչ միայն ինքնորոշման իրացման իրավունքից զրկված Արցախի Հանրապետությունը, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքից հայկական ութ գյուղեր Տավուշի և Արարատի մարզերում, հակադարձել է լրագրողներին, թե երբ խոսում եք հայկական ութ գյուղերը վերադարձնելու մասին, ապա պետք է հիշատակել նաև Արծվաշենը, որը Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական տարածք է։

«Դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար՝ ուրիշ։ Որևէ տարածք կամ անկլավ կոչվող տարածքը նույնպես պետք է որոշակի իրավական հիմք ունենա։ Սրա մասին մեր տարբեր գործընկերներ խոսել են, ովքեր ավելի տեղյակ են բանակցային պրոցեսներից, ես այդքան տեղյակ չեմ։ Ենթադրելով, որ երկու երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո պետք է տեղի ունենա դեմարկացիա, դելիմիտացիա։

Ոչ թե բառերին ու մտքերին պետք է նայել, այլ իրավական փաստաթղթերին։ Ես ձեզ խնդրում եմ, որպես հայաստանցի լրագրողներ, անկլավներից անընդհատ խոսելով՝ մեր Արծվաշենը մի մոռացեք, որն իր չափերով, իրավական կարգավորումներով և՛ մեծ է, և՛ իրավական հիմք ունի։

Երբ դեմարկացիա ու դելիմիտացիա լինի, այդ բոլոր հարցերը դրա շրջանակներում կլուծվեն»,- ասել է Գնել Սանոսյանը։

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն ՀՀ իշխանությունը զավթած Փաշինյանի՝ Ալիևը դեռևս որևէ փաստաթղթով կամ գոնե թե հայտարարությամբ չի ամրագրել, որ ինքն էլ իր հերթին է ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ ըստ Փաշինյանի շրջանառության մեջ դրած Ալմա-Աթայի հռչակագրի, որով Արծվաշենը հայկական բնակավայր է համարվում, ենթադրենք, թե իսկապես հայկական ութ ռազմավարական կարևորություն ունեցող գյուղերի փոխարեն Ալիևը Հայաստանին է զիջում Արծվաշենը և թույլ տալիս, որ այնտեղ հայերին բնակեցնեն։ Արծվաշենի մասին խոսք է բարձրացնում մի խմբակցության ներկայացուցիչ, որի առանձին անդամներ, այդ թվում առաջնորդը, ամեն առիթով խոսում են Արցախի բռնի տեղահանության մասին և հիշատակում, որ դա վկայում է Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ էթնիկ զտումներ կատարելու նախատրամադրվածության մասին։ Ասել է, թե հայերն ու ադրբեջանցիները երբևէ չեն կարող մեկ տարածքում ապրել, որովհետև հայերի նկատմամբ առանձնակի ատելություն ունեցող ադրբեջանցիները ամեն ինչ կանեն նրանց կյանքից ու տնից, հողից զրկելու համար։ Դրա ամենախոսուն ապացույցը Արցախի հայաթափումն էր, իսկ մինչ այդ էլ այնտեղ ապրող հայերի կոտորածը։ Ալիևն ինքն է ամեն առիթի հասկացնում, որ չի հանդուրժելու իր տարածքում ապրող որևէ հայի գոյությունը՝ հավասար իրավունքներ ունենալու պայմանով։ Իսկ Ալիևի տարածքային ախորժակների մասին արդեն բոլորս գիտենք, քանի որ նա չի թաքցնում դա և արդեն հանդգնում է ի լուր աշխարհի հայտարարել, որ Հայաստանի ողջ տարածքը, ոչ միայն ութ գյուղերը, Արևմտյան Ադրբեջանի տարածք են։ Նա անգամ հատուկ կառույցներ է ստեղծել և «տեղահանվածների ու նրանց ժառանգների» մի բանակ, որոնց իբրև ժամանակին վտարել են Հայաստանից, իսկ հիմա Ալիևի ջանքերով նրանք վերադառնալու են իրենց բնակավայրերը։ Գնել Սանոսյանի տրամաբանությունը, իհարկե, հասկանալի է, նա խոսում է առանց մտածելու ու եղած իրողություններն ու դրանց հնարավոր հետևանքները վերլուծելու։  Փաշինյանը նրան ու իր թիմակիցներին տվել է այդ առավելությունը՝ չմտածելու, չխորհելու, փոխարենը ինքն է մտածում, իսկ իր արբանյակներին մնում է նրա թեզերը տարածեն ու պաշտպանեն։ Սանոսյանը նաև չի մտածում, որ ադրբեջանական ներկայության դեպքում Հայաստանում ինքը փախչելու տեղ չի ունենալու, իսկ իր ղեկավարությունը ոչ թե գնալու է Արծվաշենում ապրելու, այլ վաղուց փախած է լինելու մի տաքուկ հանգրվան։

Արծվաշենը «հետ ստանալու» մասին խոսացողներին չի հուզում ադրբեջանական վերաբերմունքը հայերի նկատմամբ և այն, որ ոչ մի հայ ռիսկի չի դիմի և չի գնա Ադրբեջանի տարածքում գտնվող այսպես կոչված հայկական անկլավում բնակվելու։ Այլապես ինչո՞ւ Արցախի բնիկ հայությունը պետք է փախչեր իր բնօրրանից՝ իմանալով, որ իրենց հողը, տները պարզապես նվիրել են ալիևյան Ադրբեջանին, և եթե ադրբեջանցիները օկուպացնեն իրենց բնակավայրերը, ապա դաժանորեն հաշվեհարդար են տեսնելու իրենց հետ։ Իսկ գուցե սանոսյանները, փաշինյանները օրինա՞կ ծառայեն հայությանը և առաջինն իրենք գնան Արծվաշենը շենացնելու։ 

Թագուհի Ասլանյան