Այսօր Ադրբեջանն անօրինական կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի․ Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։

«Հարգելի՛ գործընկերներ,

Զեկույց էր ներկայացնում մի երկրի իշխող կուսակցության անդամ, որը նոր է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրել: Բավականին տարօրինակ է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացնում մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման վերաբերյալ:

Աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում ազգայնական, այլատյաց, ռազմատենչ և ավտորիտար տրամադրություններից են կազմված: Այս ամենը տասնամյակներ շարունակ առկա է Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղում վերջին էթնիկ զտումները միայն հայերի մտահոգության հարցը չեն: Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի և նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետությունների համար և կնպաստի աջ ծայրահեղական գաղափարախոսության մոտեցումներին:

Այսօր Ադրբեջանն անօրինական և անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի: Նրանց թվում մարդիկ են, որոնք անցած 25 տարիների ընթացքում ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում և որպես իրենց ժողովրդի օրինական ներկայացուցիչներ՝ առաջնորդել են նրան հանուն ազատության և ինքնորոշման: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանում ուղիղ 30 տարի է՝ նույն ընտանիքն է իշխում: Արդյո՞ք սա աջ ծայրահեղական գաղափարախոսության ձև է, թե՞ ժողովրդավարության նոր տեսակ, որը սնուցվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:

Գործընկերնե՛ր, այս վեհաժողովի ղեկավարությունը 2022 թվականի ապրիլին ստացել է իմ համահեղինակած զեկույցը, որը վերնագրված էր «Կրոնի ռազմականացումը և ներունակ հետևանքները եվրոպական ժողովրդավարական անվտանգության համար»:  Զեկույցը պատրաստվել էր, որպեսզի վեհաժողովին ապացույցներ և ընդհանուր պատկերացում տրվեին Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների կողմից ձևավորված պետական պրակտիկայի որոշ դրսևորումների վերաբերյալ, որոնք ուղղված են ռասայական և կրոնական հողի վրա հայերի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաև՝ Հայաստանի, հայերի և ընդհանրապես եվրոպական երկրների դեմ մահմեդական հասարակություններին մոբիլիզացնելու փորձերին: Այն վճռականորեն ցույց տվեց, որ այդ երկրների կառավարությունները դավադրաբար չարաշահել են եվրոպական լիբերալ օրենքներն ու արժեքները և ժամանակավոր «սողանցքերով» համարձակվել են հակասություններ ստեղծել Եվրոպայի ներսում և Եվրոպայի դեմ: Հիմնական նպատակը, իմ կարծիքով, եղել և շարունակում է մնալ Եվրոպայում համերաշխության նոր ձևերի ստեղծումը՝ որպես սակարկության առարկա եվրոպական պետությունների հետ հարաբերություններում: Եվրոպայում թուրքական սփյուռքի կառույցներն ակտիվորեն օգտագործելու այս ջանքերը ոչ այլ ինչ են, քան բազմամշակութային եվրոպական հասարակություններում կրոնով զինվելու փորձեր, ինչը կարող է վտանգել եվրոպական անվտանգությունը:

Ամփոփելով խոսքս՝ պետք է ասեմ, որ աջ ծայրահեղական արմատականության տարածումը կասեցնելու համար Եվրոպայի խորհուրդը պետք է ինքնամաքրման և ավտորիտար պետությունների անդամակցությունը կասեցնելու խիստ կարևոր տնային աշխատանք կատարի»,- նշել է պատգամավորը: