Հայկ Մարությանի կուսակցությունը ևս չի մասնակցելու Երևանի ավագանու առաջին նիստին

Հայկ Մարությանը որոշումը չի փոխել, չի մասնակցելու Երևանի ավագանու առաջին նիստին։ Այս մասին հայտնել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշումը չի փոխել, վաղը՝ հոկտեմբերի 10-ին, կայանալիք Երևանի ավագանու առաջին նիստին չենք մասնակցի», – նշեց Կուբատյանը։

Հիշեցնենք, որ ավագանու անդրանիկ նիստը նշանակված է հոկտեմբերի 10-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» – 24

«Ազգային առաջընթաց» – 14

«Մայր Հայաստան» – 12

«Հանրապետություն» – 8

«Հանրային ձայն»- 7

Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել: Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» և Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չլինի, ավագանին ցրվի, և լինեն նոր ընտրություններ: Սակայն Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» հայտարարել է, որ մասնակցելու է ավագանու նիստին,  բնականաբար, կմասնակցեն նաև ՔՊ-ն և «Հանրապետությունը», հետևապես, ամենայն հավանականությամբ, քվորում կապահովվի: