«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին

«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին: Այս մասին  ևս մեկ անգամ հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը:

«Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին։

Դաշինքը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության միջոցով քվե ստացած և անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավագանու անդրանիկ նիստը նշանակված է հոկտեմբերի 10-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները կբաշխվել են հետևյալ կերպ

«Քաղաքացիական պայմանագիր» – 24

«Ազգային առաջընթաց» – 14

«Մայր Հայաստան» – 12

«Հանրապետություն» – 8

«Հանրային ձայն»- 7

Սա նշանակում է, որ որևէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել: Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» և Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» հայտարարել են, որ չեն մասնակցելու վագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չլինի, ավագանին ցրվի և լինեն նոր ընտրություններ: Սակայն Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» հայտարարել է, որ մասնակցելու է վագանու նիստին: Նիստին, բնականաբար, կմասնակցեն նաև ՔՊ-ն և «Հանրապետությունը», հետևապես, ամենայն հավանականությամբ, քվորում կապահովվի: