Բռնի տեղահանված 19 054 արցախցի տեղավորվել է Արարատի մարզում

Արցախից բռնի տեղահանվածների ժամանման առաջին իսկ օրերից կարողացել ենք բոլորին ապահովել կեցավայրով, ոչ ոք դրսում չի մնացել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսին ասաց Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը՝ նշելով, որ Արարատի մարզում 19054  արցախցի է տեղակայվել:

«Արարատի մարզի Արտաշատ համանքում արցախցիների ժամանման առաջին իսկ օրերից համայնքապետարանում աշխատում են շուրջօրյա  ռեժիմով, ձևավորվել են տարբեր աշխատանքային խմբեր, նշանակվել են պատասխանատուներ, հաշվառման կենտրոնում նշանակվել է շուրջօրյա հերթապահություն: Ամենօրյա ռեժիմով կարիքների գնահատում ենք իրականացնում, դրա արդյունքում տրամադրել ենք սնունդ, հիգիենայի պարագաներ»,-ասաց նա:

Համայնքապետը նշեց, որ Արտաշատի մարզադպրոցի մի մասնաշենքը վերապրոֆիլավորել են, այնտեղ այս պահին 120 հոգի են տեղավորվել, նրանց 3 անգամյա տաք սնունդ է տրամադրվում:

«Մարզադպրոցի կեցավայրը ձևավորվել է, որ ոչ ոք դրսում գիշերակացի խնդիր չունենա: Այնտեղ մի քանի օր մնալուց հետո մենք ժողորդին ապահովում ենք  բնակարաններով»,-ասաց նա: