«Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա»․ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի արձանագրումը

Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնի հաստիքն զբաղեցնող Ն․ Փաշինյանը:

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը։ Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ «դե մենք դատապարտել ենք»:

Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական ու իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնելու ակտեր»,- նշեց Փաշինյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե իր ղեկավարած գերատեսչությունը բացի մտահոգված հայտարարություններից ինչ գործուն քայլեր է կատարել՝ այս արհավիրքի դեմն առնելու։

Քիչ առաջ հայտնի դարձավ , որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։