«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկել են Լաչինի միջանցքով տեղաշարժին առնչվող հարցեր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը ու Արմենուհի Կյուրեղյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։

Խմբակցությունը տեղեկացնում է, որ ողջունելով հյուրերին՝ Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ ներկայացուցիչներին խմբակցության նամակին արագ և պատշաճ արձագանքելու, հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև Հայաստանում իրականացրած գործունեության համար։

Թիերի Ռիբոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի գործունեությունը բարձր գնահատելու համար։

Հանդիպման մասնակիցները քննարկել են ԿԽՄԿ-ի աշխատանքը արդիական մարդասիրական խնդիրների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ անձանց, Լաչինի միջանցքով տեղաշարժի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 1990-ականներից և 2020 թ․-ից անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն առնչվող հարցերին։