ԱԳՆ-ը ամփոփել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԱՄԷ, որը վերջին 6 ամիսներին 2-րդ էր

Անցած շաբաթ ամփոփվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, որը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ այցն էր դեպի արաբական երկրներ։ Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից։

Նախորդը՝ մարտին, ԱԳ նախարարի այցն էր Եգիպտոս, որի շրջանակներում Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին։

ԱՄԷ այցի ընթացքում կայացած հանդիպումներն ու միջոցառումներն էին.

– հանդիպում ԱՄԷ նախագահի և ԱԳ նախարարի հետ,

– հանդիպում ԱՄԷ դաշնային ազգային խորհրդի նախագահի հետ,

– զրույց ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության հարցերով նախարարի հետ,

– ՀՀ և ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրության ստորագրում,

– Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն,

– Մերձավոր ու Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական աշխարհի երկրների հետ երկկողմ օրակարգի հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ փոխըմբռնման խորացմանը: