Թուրքիան Արցախի նախագահի ընտրությունը համարում է «խաղաղ բանակցությունները» խաթարելուն ուղղված քայլ

Թուրքիան Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը համարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող «խաղաղ բանակցությունները» խաթարելուն ուղղված քայլ։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում (Արցախի Հանրապետություն,- խմբ․) ոչ լեգիտիմ հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում ընտրությունների անցկացումը տարածաշրջանում իրավիճակը միակողմանիորեն լեգիտիմացնելուն ուղղված փորձ է, ինչը հակասում է միջազգային իրավունքին»,-ասված է գերատեսչության կայքում։

Թուրքական կողմը նշում է, որ Անկարան դատապարտում է ընտրությունները, որոնք անցկացվել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են շարունակել խաղաղ բանակցությունները և դրանք գնահատում է որպես այդ բանակցությունները խաթարելուն ուղղված քայլ։ Թուրքիան չի ճանաչում այդ ընտրությունները, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Թուրքիան ՄԱԿ-ին ու միջազգային կազմակերպություններին կոչ է անում չճանաչել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները։