Ռուս իրավապաշտպանը Բադալյանի և Գևորգյանի ազատ արձակման հարցով դիմել է Աննա Վարդապետյանին

ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի փոխնախագահ Իվան Մելնիկովը Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել բլոգեր Միքայել Բադալյանին և Sputnik Արմենիա ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանին ազատ արձակելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է 7 անձ, որոնց թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։

«Խնդրում եմ Ձեզ՝ միջոցներ ձեռնարկել լրագրողներին ազատ արձակելու համար, աջակցել նրանց իրավունքների և խոսքի ազատության իրավունքի պահպանման ու պաշտպանության համար, այդ թվում՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում նրանց ձերբակալության համար մեղավոր անձանց հրապարակային պատասխանատվության ենթարկելու միջոցով» – ասված է Մելնիկովի դիմումում։

Նա ընդգծել է, որ Ժնևյան կոնվենցիաների, ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի, ՀՀ օրենքների և այլ նորմատիվ փաստաթղթերի նորմերի համաձայն` լրագրողների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումն անթույլատրելի է, լրագրողները և ԶԼՄ-ների մյուս աշխատողները պետք է իրենց երկրում կամ արտերկրում օգտվեն պաշտպանությունից, լրագրողն իր մասնագիտական գործունեության ընթացքում գտնվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պաշտպանության ներքո։

Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին։ Նախաքննական մարմնի հաղորդագարության համաձայն` կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։