Պետք են Ալիևին ուղղված ավելի կոշտ հայտարարություններ․ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեց Արցախում իրավիճակը

ԱՄՆ Կոնգրեսում կայացան Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները։ Նախագահում էր հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը։ Բանախոսներն էին Լուիս Մորենա Օկամպոն և Դեյվիդ Ֆիլիփսը: Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրեց պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև սեպտեմբերի 1-ին կայացած հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Էնթոնի Բլինքենը կրկին ընդգծել է Միացյալ Նահանգների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կրկնել պաշտոնական Վաշինգտոնի կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական, առևտրային նպատակներով ու մարդկանց տեղաշարժի համար:

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը, ով նախագահում էր սեպտեմբերի 6-ի լսումները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այն կարծիքին է, որ սոսկ մտահոգություն արտահայտելը բավարար չէ:

«Անհրաժեշտ են Ալիևին ուղղված ավելի կոշտ ու ուղիղ հայտարարություններ: Նրան մեղադրում են ցեղասպանության մեջ, ինչը չի կարող անհետևանք մնալ: Հետևանքների առումով վատագույն տարբերակը Ալիևի համար կլինի քրեական հետապնդումը: Չի՛ կարելի մարդկանց սովամահ անել: Նա օգտագործում է սնունդը և դեղորայքը որպես զենք»,- ընդգծել է կոնգրեսական Սմիթը՝ լսումներից հետո «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում: