Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին տասն օրերի կարևոր իրադարձությունները. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին տասն օրերի կարևոր իրադարձությունները:

Ռազմական իրադրություն

  • Օգոստոսի 25-ի գիշերը ծովային բազավորման թևավոր հրթիռներով հարված է հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվել են ռազմական նպատակներով։
  • Օգոստոսի 25-ին Ժիտոմիրի մարզի օդային տարածքում իրար են բախվել Ուկրաինայի օդուժի երկու ՄիԳ-29 կործանիչներ: Երկու օդաչուներն էլ զոհվել են։ Դրանցից առնվազն մեկը ներառվել է F-16 կործանիչների պատրաստման ծրագրում։
  • Բարձր ճշգրտության զենքով մի շարք հարվածներ է հասցվել Ուկրաինայի օբյեկտներին մեկ շաբաթվա ընթացքում։ Արդյունքում խաթարվել է Ուկրաինայի զինված ուժերի ռադիոխանգարումների ռազմավարական համակարգի կառավարումը, ոչնչացվել են ռազմական կատերների հավաքման արտադրամասեր, ՀՕՊ համալիրներ, ՀԿՌՀ-ներ, զրահատեխնիկա։ Դնեպրի ուղղությամբ մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը կորցրել է մինչև 230 ուկրաինացի զինծառայող, 31 ավտոմեքենա և դաշտային հրետանու 19 հրանոթ:
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան և հակաօդային պաշտպանության միջոցները վերջին շաբաթվա ընթացքում խոցել են չորս մարտական ինքնաթիռ և հակառակորդի մեկ ուղղաթիռ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
  • Սպիտակ տունը սեպտեմբերի 1-ին հայտնել է, որ վերջին 72 ժամվա ընթացքում առաջընթաց է «տեսնում» ուկրաինական հակահարձակման հարցում։
  • Ուկրաինական կազմավորումները կիրառում են Warmate լեհական բարաժավորող զինամթերք, որի կիրառման մասին որոշ ժամանակ չէր խոսվում։ Հնարավոր է ՝ նոր խմբաքանակ կստանա Ուկրաինան իր «դաշնակիցներից»։
  • Զանգվածային հրթիռային հարվածի է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Կրամատորսկի ռազմական օդանավակայանը, ինչպես նաև Կրիվոյ Ռոգի ռազմական օդանավակայանը։
  • Սեպտեմբերի 3-ին ՌԴ ՌՕՈՒ-ն կամիկաձե ԱԹՍ-ների կիրառմամբ զանգվածային հարված է հասցրել Դանուբի Իսմայիլ և Ռենի գետային նավահանգիստների ենթակառուցվածքի օբյեկտներին, մասնավորապես այրվել է վառելիքի պահման ամբարը։
  • Զապորոժիեի շրջանում օդային մարտի ժամանակ ռուսական կործանիչը խոցել է ուկրաինական ՄիԳ-29-ը։
  • Ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը հաջողությամբ կիրառել է «Կինժալ» հիպերձայնային հրթիռը։ Մինչ այդ գրթիռի օդային կրողներն էին ՄիԳ-31Կ կործանիչները և Տու-22Մ3 հեռահար հրթիռակիրները։
  • Սեպտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները մեծ են։ «Նախորդ օրը միայն մեկ ուղղությամբ ոչնչացվել է 6 տանկ։ Միայն վերջին 5 օրվա ընթացքում Ռուսաստանը ոչնչացրել է 7 ծովային ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Կարող եմ հաստատել, որ Ուկրաինայի հակահարձակումը ձախողում է, վերջին 10 օրվա ընթացքում նրանք կատաղի գրոհներ են իրականացնում»,- հայտարարել է նախարարը և հավելել, որ «Արևմուտք» զորավարժություններն այս տարի չեն անցկացվի։ Նախարարը նաև հայտնել է, որ անցած ամսվա ընթացքում ՀՕՊ միջոցներով խոցվել է 159 HIMARS ռեակտիվ արկ, ավելի քան հազար ԱԹՍ, 13 թևավոր հրթիռ։
  • Ուկրաինական բանակը վերսկսել է հարձակումը Նովոդոնեցկի շրջանում գրեթե 3 ամսվա «դադարից» հետո։
  • Ռուս զինվորականներն Ուկրաինայում առաջին անգամ կիրառել են ФАБ-1500 М54 հզորագույն ավիառումբ։
  • Ուկրաինայի զինված ուժերը կիրառում են ականապատ դաշտերի հաղթահարման նոր մարտավարություն, հայտնում է Ռոսգվարդիայի ԴԺՀ վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Խոդակովսկին։ Նովոդոնեցկիի և Նովոմայորսկի ուղղությամբ ուկրաինական հրետանին զանգվածային հրետանային հարվածներ է հասցնում, ինչը հանգեցրել է ականների պայթեցման և ականապատ պատնեշների կրկնակի ձևավորման անհնարինության։ Դա թույլ է տվել հարձակվողներին մոտենալ ՌԴ ԶՈՒ դիրքերին։
  • Համացանցի ռուսական տիրույթում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է բրիտանական «Challenger 2» մարտական տանկն այրվում խոցվելուց հետո, իսկ Զապարոժյեի մարզում բրիտանական ինքնագնաց հրետանային համակարգ «AS90 Braveheart»-ը։ Բրիտանիայի նորանշանակ ՊՆ նախարարը հաստատել է Ուկրաինայում «Challenger 2» մարտական տանկի խոցվելու փաստը։
  • Ուկրաինական մոնիթորինգային ռեսուրսները հայտնում են «Герань» կամիկաձե ԱԹՍ-ների, ինչպես նաև Ту-95МС ռազմավարական ռմբակոծիչների և Ту-22М3 հեռահար հրթիռակիրների զանգվածային թռիչքի մասին: Սեպտեմբերի 5-ի գիշերը «Герань» կամիաձե ԱԹՍներով կրկին հարձակման է ենթարկվել Դանուբ գետի Ռենի ծովային առևտրային նավահանգստի, Օդեսայի մարզի Իսմայիլ և Կիլիա նավահանգստի տարածքները, վնասվել են այնտեղ տեղակայված գետային նավահանգիստը և նավավերանորոգման խոշոր գործարանը, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։
  • Առնվազն 10 պայթյուն է որոտացել Կիևի մարզի տարբեր շրջաններում, առավելապես՝ Ուկրաինայի մայրաքաղաքի շրջակայքում է, նշվում է, որ բոլոր հրթիռները խոցվել են։
  • Ուկրաինացի դիվերսանտների պատրաստման բազան ոչնչացվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գիշերային հարվածի արդյունքում։
  • ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ի առավոտյան կանխվել է Կիևի հերթական փորձը ԱԹՍ-ների միջոցով հարձակում իրականացնել ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա: ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Բրյանսկի շրջանի տարածքում։
  • Սեպտեմբերի 7-ի գիշերը ռուսական ուժերը հյուսիսային, հարավ-արևելյան և հարավային ուղղություններից (Կուրսկ, Պրիմորսկո-Ախթարսկ-ՌԴ, Չաուդա-Տոտ հրվանդան, Ղրիմ) հարձակվել են Սումշչինայի և Օդեսայի շրջանի վրա։ Ընդհանուր առմամբ արձանագրվել են 33 «Շահեդ» («Գերան») ԱԹՍ-ների արձակումներ, հիմնականում՝ Օդեսայի մարզի հարավային շրջանների ուղղությամբ։ Օդուժի և ՀՕՊ-ի միջոցների մարտական աշխատանքի արդյունքում ոչնչացվել է 25 «Շահեդ-136/131» ԱԹՍ:

Ռազմական աջակցություն Ուկրաինային շահագրգիռ երկրների կողմից

  • Եվրամիությունը չի կարողացել ապաշրջափակել Ուկրաինային ռազմական օգնության հերթական տրանշը խաղաղության եվրոպական հիմնադրամից, որին դեմ է հանդես եկել Հունգարիան։
  • Կիևը պատրաստվում է ձեռք բերել ամերիկյան F-16 կործանիչներ։
  • Հունական ԶԼՄ-ները, հղում անելով համացանցում զետեղված փաստաթղթերին, հայտնում են, որ երկրի կառավարությունը որոշում է կայացրել խզել Ռուսաստանի հետ «Տոր-Մ1» և «Օսա-ԱԿՄ» ԶՀՀ-ների տեխնիկական աջակցության և սպասարկման պայմանագիրը: Պարբերականը նշում է, որ արդեն եղած պահեստամասերը կբավականացնեն ընդամենը մի քանի ամիս։ Չի բացառվում, որ արդյունքում այդ համալիրները միջնորդների միջոցով փոխանցվեն Ուկրաինային։
  • 200 ուկրաինացի զինծառայողներից բաղկացած խումբն ավարտել է Գերմանիայում ամերիկյան M1 Abrams տանկերի շահագործման և տեխնիկական սպասարկման դասընթացները: Ամերիկյան մարտական մեքենաները Ուկրաինա կժամանեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Իսկ «Politico» պարբերականը հայտնել է, որ «M1A1 Abrams» տանկերը Ուկրաինա կժամանեն սեպտեմբերի կեսերին։
  • Բելգիան մինչև 80 միավոր զրահամեքենա է փոխանցել Ուկրաինային «Iveco LMV IMV»։
  • Պենտագոնը Raytheon ընկերությունից 192 մլն դոլար արժողությամբ Aim-120 AMRAAM «օդ-օդ» դասի հրթիռներ է պատվիրել՝ դրանք Ուկրաինային հետագայում փոխանցելու համար։ APU-ի AIM-120-ը ներկայումս օգտագործվում է որպես Nasams համալիրի զենիթային հրթիռներ: Կիևին F-16 կործանիչների փոխանցման դեպքում հրթիռները կարող են կիրառվել նաև դրանց միջոցով։
  • Դանիան Ուկրաինային է փոխանցել 19 միավոր «CAESAR 8×8» ինքնագնաց հրետանի Tatra-ի շասսիի վրա:
  • Ուկրաինան կստանա ավստրալական EOS ընկերության արտադրության 110 Slinger զենիթային թնդանոթային համալիրներ։ Համալիրը հագեցած է թիրախների հայտնաբերման օպտիկա-էլեկտրոնային համակարգով և կարող է խոցել դրանք մինչև 800 մետր հեռավորության վրա։ Slinger-ը կարող է տեղադրվել ինչպես տրանսպորտային միջոցների վրա, այպես էլ ստացիոնար պայմաններում:
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիվը կաճի: Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովն հայտարարել է ռազմական գործողությունները ՌԴ տարածք տեղափոխելու «անհրաժեշտության» մասին: Վլադիմիր Զելենսկին այդ առնչությամբ բազմիցս ասել է, որ նման գործելակերպը հղի է Արևմուտքից Ուկրաինայի մեկուսացմամբ։ Սպիտակ տանը այսօր ևս մեկ անգամ նշել են, որ չեն աջակցում և չեն խրախուսում Կիևին հարձակումներ իրականացնել ռուսական տարածքում։ Կիևի գլխավոր դաշնակիցներից բրիտանացիները ստանդարտորեն լռում են, քանի որ հենց Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն են առավել ակտիվորեն մասնակցում Ռուսաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների վրա ուկրաինական կազմավորումների հարձակումների կազմակերպմանը։
  • Միացյալ Նահանգները ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում Ուկրաինային կհանձնի չեզոքացված ուրանով արկեր։
  • Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ կանցլեր Շոլցը միակ մարդն է, ով արգելափակում է «Taurus» թևավոր հրթիռների մատակարարումն Ուկրաինային։
  • Գերմանիան Ուկրաինային նոր արտադրության զինամթերք է մատակարարել Gepard զենիթային թնդանոթային համալիրների համար։
  • ԱՄՆ-ը 175 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում Ուկրաինային է փոխանցում Աբրամս տանկերի համար ոչնչացված ուրանով արկեր: Առաջին 10 տանկերի տեղափոխումը սպասվում է մինչև սեպտեմբերի վերջ։ Ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում Ուկրաինային կփոխանցվի նաև կասետային զինամթերքի նոր խմբաքանակ:
  • Դանիան Ուկրաինային կտրամադրի թվով 20-րդ ռազմական օգնության փաթեթը։
  • Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են ապահովել պաշտպանություն և թույլ չտալ հենակետերի կորուստ: Միևնույն ժամանակ, Սիրսկին խոստովանել է, որ իրավիճակը ճակատի տարբեր ուղղությոններում շարունակում է մնալ «բարդ»:

Բանակցային գործընթաց

  • Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Արևմուտքին առաջարկել է պայմանավորվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք պետք է ռուսների հետ պայմանավորվենք անվտանգության նոր ճարտարապետության շուրջ, որը կապահովի անվտանգությունը, ինքնիշխանությունը Ուկրաինայի համար, բայց ոչ անդամակցությունը ՆԱՏՕ-ին»,- ասել է Հունգարիայի վարչապետը։
  • Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան բանակցություններ չի վարի Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ նրան չի կարելի վստահել: «Ինչ վերաբերում է Պուտինի հետ բանակցությունների կոչերին։ Յուրաքանչյուր ոք, ով հարցնում է այդ մասին, պետք է հարցնի ոչ թե մեզանից, այլ պարոն Պրիգոժինից։ Նա կոնֆլիկտ է ունեցել Պուտինի հետ։ Նա հաջող բանակցություններ է վարել Պուտինի հետ, դադարեցրել է հակամարտությունը, պայմանավորվել անվտանգության երաշխիքների մասին, իսկ հետո Պուտինը սպանել է նրան»,- ասել է Կուլեբան։ Նախարարը նշել է, որ պատճառ չկա կարծելու, որ «ցանկացած այլ բանակցություններում Պուտինն իրեն այլ կերպ կպահի»։
  • Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ չի կարելի վստահել Վլադիմիր Պուտինին խաղաղ բանակցություններ վարելու հարցում: Նրա խոսքով ՝ Պուտինին չի կարելի վստահել, քանի որ նույնիսկ եթե նա խոսք տա, ոչ մի երաշխիք չկա, որ նա այն չի խախտի: «Նա այն մարդը չէ, ում հետ կարելի է լուրջ բան պայմանավորվել։ Եթե դուք կարծում եք, որ հաջողությամբ պայմանավորվել եք նրա հետ, ապա ձեզ նրա կողմից հարձակման վտանգի տակ եք դնում»,- նշել է Կուլեբան։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Ռուսաստանին տեղեկացրել է, որ Ջիդդայում Ուկրաինայի հարցով հանդիպումը, որտեղ Ռուսաստանը հրավիրված չէր, Էր Ռիադի կողմից ծրագրվել էր նրա համար, որպեսզի բոլորին համոզի, որ առանց Մոսկվայի կարգավորման շուրջ բանակցությունները անհեռանկարային են լինելու։
  • Միացյալ Նահանգները Կիևից պահանջում է ընտրություններ անցկացնել Ուկրաինայում «կորեական սցենար» իրականացնելու և պատերազմն ավարտելու համար։ Իսկ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայում ժամանակին ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են նոր Patriot զենիթահրթիռային համալիրներ։
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում բանակցություններ են անցկացրել։ Վլադիմիր Պուտինը ասուլիսում հայտնել է, որ Էրդողանի հետ բանակցություններում մեծ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի իրավիճակին և հացահատիկի գործարքին։ «Մինչ Ռուսաստանն ապահովում էր հացահատիկի միջանցքով անվտանգությունը, մյուս կողմը հումանիտար միջանցքներն օգտագործում էր ահաբեկչական հարձակումների համար»,- նշել է նախագահը և հավելել, որ Ռուսաստանը պատրաստ կլինի վերակենդանացնել հացահատիկի գործարքը և դա կանի անմիջապես, հենց որ կատարվեն բոլոր պայմանավորվածությունները։ Արևմտյան գործընկերները Ռուսաստանին խաբեցին հացահատիկի գործարքով։ Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Կիևը հարձակման փորձեր է ձեռնարկում գազատարների վրա, որոնցով վառելիքը գնում է Թուրքիա: Իսկ Ռեջեփ Էրդողանն իր հերթին հայտարարել է. «Հորիզոնում խաղաղության հասնելու խոստումնալից հեռանկարներ չկան։ Ցավոք, պատերազմը, որն արդեն տևում է 1,5 տարի, շարունակվում է մինչ օրս։ Որպես Թուրքիա՝ մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ պատերազմում հաղթողներ չկան և աշխարհում պարտվողներ չկան, և որ մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ, երբ կողմերը խնդրեն մեզ այդ մասին»։
  • Ռումինական ԶԼՄ-ները գրում են, որ Ռումինիայի տարածքում ռուսական ԱԹՍ-ների ընկնելու մասին Ուկրաինայի ԱԳՆ-ի բազմիցս հայտարարությունները արևմտյան հարևանին Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու փորձեր են։

Ներքին զարգացումներ Ուկրաինայում, Դոնեցկում և Լուգանսկում

  • Պատգամավորներին և երկրորդ բարձրագույն կրթություն ստացողներին մոբիլիզացնելու ծրագրերից հետո Գերագույն ռադայում առաջարկել են դիմել այլ երկրների՝ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի լինելու մասին կեղծ տեղեկանքներով Ուկրաինայից հեռացած զինապարտներին արտահանձնելու համար:
  • Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է մոբիլիզացիայի ընտրության համակարգի մոտալուտ փոփոխության մասին: Կարող են զորակոչել և առաջնագիծ ուղարկել զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի անձինք: Ուկրաինայի իշխանություններն ավելի ու ավելի են բնակչությանը նախապատրաստում համընդհանուր մոբիլիզացիայի։
  • Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել զորքերին 430 մլն գրիվնա արժողությամբ միլիոնավոր անորակ պարենային հավաքածու մատակարարելու շուրջ։ Հարուցվել է քրեական գործ։
  • Ուկրաինայի ՊՆ նախարարի պաշտոնում Ռուստամ Ումերովի թեկնածությունը Գերագույն ռադան կքննարկի հաջորդ շաբաթ: Ալեքսեյ Ռեզնիկովը կհեռացվի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնից և, ինչպես սպասվում է, կնշանակվի Լոնդոնում դեսպան:
  • Ուկրաինական բոլոր գերատեսչությունների ղեկավարությունը, որոնք զբաղվում են կոռուպցիայի դեմ պայքարով, վերջերս Վաշինգտոն կատարած այցի ընթացքում շփվել են Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանի հետ: Որոշ տեղեկություններով՝ անհրաժեշտ ցուցումներ են ստացել, և արդեն նախապատրաստվում են գործեր Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ կոռուպցիայի փաստերով։
  • Ուկրաինայի ՊՆ նոր հրամանի համաձայն, այժմ թույլատրվում է զինվորական ծառայության անցնել հետևյալ հիվանդություններն ունեցող մարդկանց՝ կլինիկորեն բուժված տուբերկուլյոզ, վիրուսային հեպատիտներ՝ գործառույթների աննշան խանգարումով, ասիմպտոմատիկ ՄԻԱՎ, էնդոկրին համակարգի հիվանդություններ՝ գործառույթների աննշան խանգարումներով, հոգեկան խանգարումների մեղմ կարճաժամկետ ցավոտ դրսևորումներ, նևրոտիկ, սթրեսի հետ կապված և սոմատոֆորմային խանգարումներ (ֆոբիկ, տագնապային, օբսեսիվ-կոմպուլսիվ, ադապտացիոն, սոմատոֆորմային և այլ նևրոտիկ խանգարումներ, նևրաստենիա, ծանր սթրեսի ռեակցիաներ) չափավոր արտահայտված, կարճաժամկետ դրսևորումներով, կենտրոնական նյարդային համակարգի դանդաղ զարգացող հիվանդություններ, էպիզոդիկ և պարոքսիզմալ խանգարումներ:
  • 2023 թվականի հոկտեմբերի 1-ից Ուկրաինայում կին դեղագործներն ու բժիշկները պարտավոր կլինեն պարտադիր գրանցվել զինկոմիսարիատներում։
  • Ուկրաինայում սկսվել է տեղեկատվական քարոզչություն, որպեսզի կանայք ներգրավվեն Ուկրաինայի զինված ուժերի շարքերում, և այո, ոչ թե որպես բժիշկներ, այլ որպես զինվորներ խրամատներում։

Միջազգային մեդիայի անդրադարձ

  • «Spiegel» գերմանական պարբերականը գրել է, որ «Հյուսիսային հոսք»-ի վրա հարձակման հետքերը տանում են միայն մեկ ուղղությամբ՝ դեպի Ուկրաինա։
  • «Bloomberg» գործակալությունը գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է փորձել Կիևին մղել բանակցությունների հաջորդ տարի՝ ուկրաինական հակահարձակման ակնկալվող արդյունքների բացակայության պատճառով: ԱՄՆ-ն նախագահական ընտրարշավի ֆոնին գնալով ավելի քիչ կհետաքրքրվի Ուկրաինայով, իսկ եվրոպացիների համար ավելի դժվար կլինի ամերիկացիներին համոզել, որ Ուկրաինան իրենց խնդիրն է։
  • «The New York Times» ամերիկյան պարբերականը՝ Սպիտակ տանը հղում անելով, գրել է, որ ամերիկացի պաշտոնյաները Ռուսաստանի վրա անօդաչուների հարձակումները կապում են Կիևի՝ հանրությանը ցույց տալու ձգտման հետ, որ Ուկրաինան դեռ կարող է պատասխան հարված հասցնել դանդաղ ընթացող հակահարձակման ֆոնին:
  • «The New York Times» պարբերականը գրել է, որ ռուս զինվորականները սկսել են նոր մարտավարություն կիրառել Ուկրաինայի զինված ուժերի դեմ՝ «հրկիզում են ականապատ դաշտերը»։
  • «Financial Times» պարբերականը գրում է, որ Կիևի գլխավոր «դաշնակիցներից» մեկը՝ Լեհաստանը, Վարշավայի ծայրամասում փակում է Ուկրաինայի քաղաքացիների համար փախստականների ամենամեծ կենտրոնը: Այնտեղ ապրող ուկրաինացիներին առանց նախազգուշացման թույլ չեն տվել ներս մտնել։ Մարդկանց մեծ քանակի պատճառով կենտրոնը իշխանություններին այլևս պետք չէր։
  • «The Economist» պարբերականը՝ հղում անելով ՈւԱԾ-ի նախկին ղեկավար Նալիվայչենկոյին և հատուկ ծառայության 5-րդ վարչության սպաներին, գրել է, թե Ուկրաինայի անվտանգության ծառայության կառուցվածքում ստեղծվել է ստորաբաժանում, որը 2015 թվականից զբաղվում էր այն մարդկանց գնդակահարությամբ, պայթյուններով, կախաղաններով և թունավորմամբ, որոնց Կիևը համարում էր համագործակցողներ: