Իրանական թերթում հայ-ադրբեջանական ռազմական բախման հավանականության մասին քննարկումները թափանցիկ ակնարկ են, որ իրավիճակը մոտ է կրիտիկականի

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Iran Daily/Իրանն այսօր» անգլալեզու թերթը վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի հոդվածներով անդրադարձել է Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, իսկ այսօր ծավալուն հոդված է հրապարակել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին:

«Միջանցքի բացումը ավելի նշանակալի գեոքաղաքական և ռազմավարական հետևանքներ կարող է ունենալ, քան տնտեսական»:

Զանգեզուրի միջանցքը թուրք-ադրբեջանա-իսրայելական վերահսկողության ներքո կզրկի Իրանին Չինաստանի և Եվրոպայի միջև տրանսպորտային կամուրջ և լոգիստիկ հաբ դառնալու հնարավորությունից, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի երկրի տարածաշրջանային կշռի նվազեցմանը և էլ ավելի կմեծացնի անվտանգային սպառնալիքները ներկա սանկցիոն պատերազմի համատեքստում:

Անհերքելի փաստ է, որ Զանգեզուրի միացումը Ադրբեջանին և Լաչինի միջանցքի վերջնական արգելափակումը Իրանի համար կնշանակի անվտանգային սպառնալիք և տնտեսական վնաս: Տրանզիտ միջանցքը Ադրբեջանի տարածքով խախտում է տարածաշրջանային կայունությունը և էապես մեծացնում է սիոնիստական ռեժիմի ազդեցությունը Իրանի սահմանների անմիջական հարևանությամբ:

Իսլամական հեղափոխության պահապանների խոսափողի համարում ունեցող լրատվամիջոցը ըստ այդմ արձանագրում է, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունը թուրք-ադրբեջանա-իսրայելական սցենարով կարմիր գիծ է:

Իրանական լրատվամիջոցի կողմից այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի և Հայաստանի հարավային մարզի Ադրբեջանի կողմից բռնազավթման, հայ-ադրբեջանական ռազմական բախման բարձր հավանականության մասին քննարկումները ինքնին թափանցիկ ակնարկ են, որ իրավիճակն իսկապես մոտ է կրիտիկականի և սպառնալիքները առավել քան լուրջ են: Բայց սա թող չմտահոգի օրվա իշխանության կողմնակիցներին և նրանց թիմակից-ընդդիմադիրներին: Տղաներն ու աղջիկները արխային են, որ Իրանը կամ գուցե Ֆրանսիան, Ամերիկան, չի բացառվում անգամ Ռուսաստանը կպաշտպանեն Սյունիքը, Վայոց Ձորը, Արարատը, ի վերջո Երևանը, երբ ադրբեջանա-թուրքական զորքը անցնի հարձակման: Համ էլ ի՞նչ կա մտահոգվելու, արդեն հայկական արտադրության թույն զենքեր ունենք, որից թշնամին սարսափում է»: