Վեհափառը Սրբալույս Մյուռոնն օրհնելու է աստվածամուխ Սուրբ Գեղարդով
ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-6-ը այստեղ
Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի օրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Մյուռոնօրհնության ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերցնում է ծաղիկներից պատրաստված խտանյութը և լցնում կաթսայի մեջ, իսկ հետո նույն ձևով նաև բալասանը: Այնուհետև նա հին Մյուռոնը լցնում է նորի մեջ, որից հետո երգվում է «Առաքելոյ աղաւնոյ» շարականը:
Ապա Հայոց Հայրապետը տյառնագրում և խառնում է Մյուռոնը Հայոց Եկեղեցու ավանդական երեք նվիրական սրբություններով` Տիրոջ խաչափայտի մասունքով Կենաց Խաչով, աստվածամուխ Ս. Գեղարդով և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով` երեք անգամ ասելով. «Թող օրհնվի և սրբվի Մեռոնս այս Ս. Խաչի նշանով, այս Ս. Ավետարանով, Ս. Աջովս (կամ Գեղարդովս) և օրվա խորհրդով Հոր, Որդու և Ս. Հոգու անունով…»: Հայրապետական այս օրհնություններից հետո կաթսան կրկին ծածկվում է նուրբ շղարշով: