Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հռոմի ստատուտի վավերացման հարցով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցով։ Այս մասին գրում է mk.ruն:

Ռուսաստանի իշխանությունները իրենց հետագա գործողությունները կկառուցեն՝ կախված նրանից, թե ինչպիսի պատասխան կստանան Հայաստանից, ասել է Զախարովան։

Հայաստանը ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացրել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին: Սակայն պարզ չէ, թե արդյոք ուղարկված փաստաթուղթում վերապահում կա կամ որևէ դրույթ կա, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը:

Այս տարվա մարտին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:

Դրանից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել:

Ի պատասխան ռուսական կողմի մտահոգությունների, թե Հռոմի ստատուտի վավերացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մասնավորապես, շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել է, որ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն։

Արշակյանը նաև ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից Ռուսաստանի նախագահի նկատմամբ կայացված որոշումը: