Արցախի բնակչության ողբերգության հաշվին խայտառակ շոու են իրականացնում Ֆրանսիան, ԱՄՆ- ը, Գերմանիան, գրեթե ողջ անբարո Արևմուտքը. 2

Ցեղասպանության համապատկերին զբաղված են կապիկություններով, կլոունադայով

Սկիզբը՝ այստեղ 

 

Ֆրանսիայի, ԱՄՆ- ի, Գերմանիայի, գրեթե ողջ անբարո Արևմուտքի կեղծավոր քաղաքականությունն Արցախի և Հայաստանի հարցում այնքան ակնհայտ է, որ միայն կույրը կարող է չտեսնել, և սրիկան, եթե տխմար չէ, ժխտել: Շարունակենք ներկայացնել վերոնշյալ պնդումը հիմնավորող փաստերը՝ հոդվածաշարի այս հրապարակմամբ բացառապես Գերմանիային վերաբերվող…

Հոդվածաշարի նախորդած մասում արդեն ներկայացրել ենք Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հայտարարությունն Իսպանիայում Եվրամիության արտգործնախարարների օգոստոսի 31- ի հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցն ընդգրկելու մասին: Է, ընդգրկեցի՞ն, եթե նույնիսկ ընդգրկեցին, ի՞նչ որոշեցին, գործնական ի՞նչ քայլեր արեցին կամ անելու են… Թե՞ Ադրբեջանը Եվրամիության արտգործնախարարների դիրքորաշումից ահաբեկված, հարկադրված է եղել Բերձորի (Լաչինի) միջանցքը բացել է, Արցախի բնակչությունը արդեն սովահարությունից փրկվել է, մենք քնովն ենք ընկել, տեղյակ չենք…

Հակիրճ՝ ինչպես արևմտյան այլ նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցը Եվրամիության արտգործնախարարների հանդիպման օրակարգում ընդգրկելու արդյունքն էլ զրո է:

2023թ. հուլիսի 13- ին Նիկոլն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին: Տո թքե՛լ եմ նրանց անդրադառնալու վրա, հարցնում եմ՝ արդյո՞ւնքը…

Ավելի քան մեկ ամիս առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան այդ երկրում գործող «Հայպրես» լրատվական գործակալության հարցերի («արդյոք ԳԴՀ-ն ներկա՞ է եղել դիվանագետների այցին, որի նպատակն էր ականատես լինել Ադրբեջանի կողմից մարդասիրական բեռների փոխադրման արգելափակմանը, և ի՞նչ գործողություններ է ձեռնարկել ԳԴՀ-ն այս կապակցությամբ»), հայտնվել է, որ Գերմանիայի դաշնային կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին (մենք արդեն գիտենք, որ այդ ջանքերն ուղղված են Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն և ռուսական խաղաղապահներին Արցախից «ֆուկ» անելուն):

Դեռ 44- օրյա պատերազմի ընթացքում, երբ Թուրքիան մասնակիորեն մասնակցում էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմին իր «Բայրաքթարներով», խորհրդականներով, հատուկ ջոկատայիններով, ռազմավարական նշանակության հետախուզական ինքնաթիռով, Արցախի դեմ կռվելու համար ահաբեկիչների խմբեր Ադրբեջան տեղափոխելով, Հայաստանի երկնքում մեր ՌՕՈւ «Սու- 25» գրոհային ինքնաթիռն իր F- 16 կործանիչով ոչնչացնելով, Թուրքիայի և Գերմանիայի այն ժամանակվա արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Հայկո Մաասը, ինչպես տեղեկացրեց Գերմանիայի ԱԳՆ- ն Twitter-ում սեպտեմբերի 29- ին կատարած իր գրառմամբ, քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը:

«Ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, նպատակը պետք է լինի խաղաղ լուծումը»,- նշված էր Գերմանիայի ԱԳՆ գրառման մեջ:

Է՞, ռազմական գործողություններն ավարտվեցի՞ն… Դրանից հետո պատերազմը քանի՞ օր շարունակվեց և Արցախի ու Հայաստանի համար ի՞նչ ահավոր զիջումներով ավարտվեց… Կարծում ենք, բոլորը գիտեն, ներկայացնելու կարիք չկա: Այսինքն՝ Գերմանիայի ԱԳՆ վերոնշյալ կոչը, լավագույն դեպքում, ընդամենը բարի ցանկությունների դաշտից մի դատարկ կոչ էր, ինչպես միշտ, անհասցեական և ոչինչ չտվող, մինչդեռ Գերմանիան լինելով Եվրամիության լոկոմոտիվը, ամենածանրակշիռ միավորը, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի նկատմամբ ազդեցության ու պատերազմը կանգնեցնելու, առնվազն Ադրբեջանին Թուրքիայի օգնությունը դադարեցնելու բավական լուրջ լծակներ ուներ:

Մենք դեռ կբացահայտենք, թե Գերմանիան ինչու չի վարվել այնպես, ինչպես պետք է վարվեր Արցախի և Հայաստանի մասին իսկապես մտածող պետությունը, դա հո Կիևին զենք մատակարարելը չէ՞ր, որ Գերմանիան գործնական քայլեր կատարեր…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան