Ի՞նչ դասագիրք, ոչխար պահեք, ոչխար

2023 թվականին նոր ուսումնական տարին քաոս է բերելու հայաստանյան դպրոցներում՝ անհասկանալի իրավիճակ ստեղծելով թե դպրոցականների և նրանց ծնողների, թե ուսուցիչների համար, և դա բնորոշում է ԿԳՄՍ նախարարուհի Ժաննա Անդրեասյանի որակները՝ ոլորտից ոչ բանիմաց և այն ձախողման տանող, փնթի աշխատելաոճով, ալարկոտ, անպատասխանատու։ Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ հայրենի նախարարությունը չի հասցրել տպագրել դպրոցական նոր դասագրքերը՝ փոփոխված չափորոշիչներով, ու ԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել և տրամադրել աշակերտներին: Նոր դասագրքերը կմատակարարվեն միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն այս դասարաններում ևս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել, կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են: Ուստի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի և նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով։ Այս մասին հայտնել է Սվաջյանը։

Պատկերացրեք մի պահ նման բան կատարվեր նախկին իշխանությունների օրոք, ինչ սին աղմուկաղաղակ կբարձրացնեին օտար հիմնադրամներից սնվող ինչ-ինչ հասարակական կազմակերպություններ, որոնք ստեղծվել են իբրև կրթության ոլորտում կատարվող անօրինականությունները բացահայտելու, կանխելու համար, կամ թեկուզ այդ ժամանակ իրեն ընդդիմություն հռչակած Փաշինյանը, որի նախարարն այսօր դպրոցներին փաստի առաջ է կանգնեցրել, իսկ շեֆից դեռ որևէ արձագանք չկա։ Եթե անգամ լինի էլ, ապա վստահ ենք՝ միայն արդարացնող ու խրախուսող ոճով։ Չէ՞ որ Փաշինյանն իր նախարարներին նշանակում է ոչ թե նրա համար, որ ոլորտը արհեստավարժորեն ղեկավարեն ու կարգավորեն, զարգացնեն, այլ իր թիկունքը ամուր պահեն ու իր գաղափարները անխնա կրկնեն ու տարածեն։

Նախկինում անգամ նախարարի պաշտոնազրկման հարց կդրվեր, բայց ոչ հիմա, այսօրվա դրությամբ Ժաննա Անդրեասյանը շարունակում է պաշտոնավարել ու վայելել այդ պաշտոնի բոլոր հաճույքները՝ ընդհուպ մինչև պարգևավճարներ, այն դեպքում, երբ հանրակրթական դպրոցների աշակերտները նախարարուհու անհետևողականության, անպատասխանատվության պատճառով մնացել են առանց դասագրքերի։ Վաղը սեպտեմբերի մեկն է, այնինչ ԿԳՄՍ նախարարությունը նոր ուսումնական տարուն ընդառաջ չի հասցրել տպագրել դպրոցական դասագրքերը։ Ավելին, որոշ առարկաների դասագրքերի համար անգամ մրցույթներ չեն հայտարարվել, որպեսզի հստակեցվի, թե որ հրատարակչատունն է զբաղվելու դրանց տպագրմամբ։ Մեր խմբագրությունն արդեն մի շարք ահազանգեր է ստացել դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներից։ Նրանք անհանգստացած են, որ երեխաները ստիպված են լինելու անորոշ ժամանակ դպրոցում առանց դասագրքերի ուսանել։ Արդյո՞ք դրանից երեխաների կրթության որակն էականորեն չի տուժի, արդյո՞ք նախարարությունը դասագրքերի տպագրման բեռն ի վերջո ծնողների վրա չի դնի։

Երբևէ նորանկախ Հայաստանում, ինչպես ներկաներն են պնդում՝ տնտեսական հուսադրող ցուցանիշների պայմաններում դպրոցները մնացե՞լ էին առանց դասագրքերի։ Գուցե սա՞ էլ հատուկ նախատեսված ծրագիր է, և մի գեղեցիկ օր էլ Փաշինյանը կհավաքի դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին ու կհայտարարի, թե այսուհետ դասագրքերի փոխարեն դպրոցներոմ կով ու ոչխար են պահելու, ինչպես իր դստրիկ Շուշանի ուսանած դպրոցում՝ Գերմանիայի քաղաքներից մեկում։ Չէ՞ որ օրերս Լոռու մարզում մասնակցելով մոդուլային դպրոցներից մեկի բացմանը, Փաշինյանն արդեն լսեցրեց բոլորիս, որ դպրոցներում ոչխար պահելը բացառապես կրթական խնդիր է, և պետք չէ մտածել, որ ոչխար բուծելով՝ դպրոցները գոմերի են վերածվելու։ Իսկ հեռանկարը, ըստ Փաշինյանի, հարստանալն է։ Նրա համոզմամբ՝ հենց դպրոցից պետք է երեխային ոչխար պահել սովորեցնել, որպեսզի նա մեծանա ու կարողանա ոչխար, կով պահելով՝ հարստանալ։

Թագուհի Ասլանյան