Ադրբեջանական գազը ԵՄ է գալիս մասամբ Ռուսաստանից. ֆրանսիացի սենատորը քննադատել է Եվրահանձնաժողովին

Ավելի լավ կլիներ, եթե Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գազային համաձայնագիր չստորագրեր Ադրբեջանի հետ։ Այս մասին օգոստոսի 30-ին Հայաստանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Բրունո Ռետայոն։

Նրա խոսքով, դա գազ է, որը մասամբ գալիս է Ռուսաստանից։

«Սա ուղղակի աջակցություն է Ալիևին, ով ճնշում է արցախահայությանը»,- նշել է սենատորը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին ստորագրված փաստաթուղթը վերաբերում է Հարավային գազային միջանցքի հզորությունների կրկնապատկմանը։ Ակնկալվում է, որ մինչև 2027 թվականն ադրբեջանական գազի ներմուծումը ԵՄ կաճի մինչև տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր։

Ֆրանսիայի Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Քսավյե Բերտրանն իր հերթին պարզաբանել է, որ Ֆրանսիայի նախաձեռնությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է Եվրամիության և մյուս գործընկերների աջակցությունը։ «Մենք չենք կարող գործել առանց ԵՄ-ի»,- ասել է նա։