Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է. Փարիզի քաղաքապետ

Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչներ եկել են Հայաստան իրենց աջակցությունը և բարեկամությունը հայտնելու Արցախի ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ նշելով, որ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների և քաղաքական հայացքների ներկայացուցիչներ, որոնց բոլորին միավորում է Հայաստանը և Արցախը:

«Մենք այսօր այստեղ ենք, որովհետև Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները դիմեցին մեզ և ասացին, որ ժամանակն է գործել, ժամանակն է դիմել Ֆրանսիայի ժողովրդին: Եվ հատկապես Ֆրանսիայի տեղական իշխանությունների միավորման անհրաժեշտությունը կար, որպեսզի կարողանանք մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ:

Տեղական ինքնակառավարման մարմինների միավորման շնորհիվ՝ հնարավոր եղավ 10 բեռնատար մեքենա հումանիտար օգնություն հավաքել, որոնք պարունակում են պարենային սնունդ, երեխաների համար սնունդ, կաթի փոշի, նաև գեներատորներ, արևային պանելներ: Այս ամենը հնարավորություն կտա Արցախին դիմադրել»,- ընդգծեց Իդալգոն:

Նա նշեց, որ մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի վեցը քաղաքների համար, որոնք 2022 թվականի դեկտեմբեր ամսից շրջափակման մեջ են: Փարիզի քաղաքապետի խոսքով՝ կանայք, երեխաները, նորածիները, տղամարդիկ չեն կարողանում արժանապատվորեն ապրել իրենց հողի վրա:

«Մեր ուղերձը հստակ է և պարզ: Նախ և առաջ կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը: Արցախահայերը շրջափակման մեջ են անկախ իրենց կամքից և այս շրջափակումը իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղասպանության:

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազն այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, որակում է որպես ցեղասպանություն, և ցեղասպանությունը որակող սկզբունքներից չորսը ճանաչվել են միջազգային հանրության և փորձագետների կողմից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը, որը պատասխանատու է ցեղասպանության կանխարգելման համար, ևս նույն բառն է օգտագործում Արցախում տեղի ունեցող իրավիճակը որակելու համար: Ցեղասպանություն, էթնիկ զտում ավտորիտար ռեժիմի կողմից մի ժողովրդի հանդեպ, որը պարզապես պահանջում է իր իրավունքները հարգել, որը ունի ցանկացած մարդ և ժողովուրդ: Այս իրավիճակի պատճառով ենք եկել այստեղ վկայելու և դատապարտելու: Եվ մենք նաև դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ նա օգտագործի ՄԱԿ-ի ԱԽ-ում իր դիրքը բանաձև ընդունելու համար՝ Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու նպատակով»,- շեշտեց Փարիզի քաղաքապետը:

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից  Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։