Արարատ Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին տեղեկանում է ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի եւ առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաեւ ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանն արդրադարձել է նաեւ հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առեւանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը:

Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում նաեւ՝ ԵՄ ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարեւորությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման եւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։