Կարմիր խաչի մարդասիրական գործողությունների լիմիտը սպառվել է․ Սիրանուշ Սահակյան

Կարմիր խաչը իսպառ զրկված է որոշ հարցեր լուծելու հնարավորությունից, նրա մարդասիրական գործողությունների լիմիտը սպառվել է: Այս մասին «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել» թեմայով «Մեդիա կենտրոնին» տված իր հարցազրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Օրինակ, Կարմիր խաչը զրկված է սնունդ մատակարարելուց, որի արդյունքում սովամահ են լինում երեխաներ, հղի կանայք: Թերսնուցումը լուրջ առողջական խնդիրներ է առաջ բերում եւ կյնքի իրական անմիջական սպառնալիքներ է ստեղծում Արցախի ողջ բնակչության նկատմամբ»,-ասաց նա

Անդրադառնալով նրան, որ Հակարի կամրջի վրայից Ադրբեջանի կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը հրաժարվել է Կարմիր Խաչի միջոցով հաղորդակցվել իր հարազատների հետ, Սիրանուշ Սահակյանն ասաց. «Մենք չունենք տեղեկատվություն, թե ինչ պատճառներով անձը պետք է հրաժարվեր խիստ հարազատ եւ նաեւ հոգեբանական աջակցություն պահովող ընտանիքի հետ զրույցներից: Արդյո՞ք  անձը գտնվել է պատշաճ հոգեբանական եւ ֆիզիկական վիճակում այդ որոշումը կայացնելու ժամանակ, թե՞ ազատ կամարտահայտության սահմանափակումների եւ հարկադրանքի ներքո զրկվել է այդ երաշխիքի օգտագործումից: Այստեղ մենք էլի տեսնում ենք լռություն, որն արդարացում չունի: Մենք պետք է հավելյալ պարզաբանումներ ստանայինք, թե ինչու անձը չի ցանկացել օգտվել այդ հնարավորությունից»:

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվելիս առևանգվել է ադրբեջանցի սահմանապահ զորամասի զինծառայողները։ Այդ մասին ահազանգել են Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանը՝ հուլիսի 29-ին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդել է, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։