Թուրքիայի և Շվեդիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրեմի հետ։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, Ֆիդանն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Սուրբ Ղուրանը պղծելու արշավը շարունակելու անթույլատրելիության վրա։ Տեղեկացնում է gazeta.ru-ն:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա ընդգծել է խոսքի ազատության քողի տակ այս զազրելի գործողությունները շարունակելու անթույլատրելիությունը։ Թուրքիայի արտգործնախարարն իր ակնկալիքներն է հայտնել Շվեդիայի կառավարությանը, այն է՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել կանխելու Ղուրանը պղծելու փորձերը, ինչը բուռն արձագանք է առաջացրել իսլամական աշխարհում։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։