Քաղցած, դեղորայքի կարիք ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ կամրջի այն կողմում են. Սյունիքի մարզպետը՝ դիվանագետներին

Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր այցելած Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախ տեղեկացրեց, որ Ադրբեջանը փակել է դեպի Արցախի Հանրապետություն հումանիտար բեռների ճանապարհը։

«Ձեր աչքով եք տեսնում` ինչպես է Ադրբեջանը փակել հումանիտար բեռների ճանապարհը։ Այս մեքենաները տևական ժամանակ գտնվում են այստեղ, անհնար է հումանիտար բեռների տեղափոխումը սահմանից այն կողմ, դեպի 120 հազար բնակիչներ։ Այնտեղ մարդիկ, երեխաները քաղցած են»,-ասաց նա։

Ռ. Ղուկասյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից կա արձագանք. «Խոսում են ինչ-որ ինտեգրացիայի մասին, բայց արդյո՞ք այդ ինտեգրացիային սովամահության ճանապարհով են ուզում հասնել։ Դա անընդունելի է բոլորիս համար։ Դա ճանապարհ չէ, մարդիկ սոված են։ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որով հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են, անհրաժեշտ է նրանց, այլապես բոլորս լուռ ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակը ամեն վայրկյան վատթարանում։ Այն մոտեցումը, որ մարդկանց, այդ թվում երեխաներին սոված պահելու միջոցով ինչ-որ նպատակի են հասնում, չի կարող ընդունելի լինել ժամանակակից աշխարհում»։

Սյունիքի մարզպետի խոսքով, Հակարիի կամրջի ամբողջ երկայնքով տեղակայված են ադրբեջանական զորքերը և խորությամբ նույնպես։

«Վերլուծությունները թողնում եմ ձեզ։ Քաղցած, դեղորայքի կարիք ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ կամրջի այն կողմում են, բեռներն այս կողմում»,- ասաց Ռ.Ղուկասյանը։