Նրանք այստեղ են՝ տեղում տեսնելու իրավիճակը․ դեսպանները Կոռնիձորում են (լուսանկարներ)

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ժամանել են Կոռնիձոր: Նրանց ուղեկցում է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Նրանք դիվանագետներին հեռվից ցույց են տալիս սահմանը, իսկ բեռնատարները գտնվում են ճանապարհին կանգնած:

«Նրանք այստեղ են՝ տեղում տեսնելու իրավիճակը, տեսնելու, որ հումանիտար բեռը, որ նախատեսված է մեր արցախահայերի համար, դեռ կանգնած է։ Եվ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների՝ շարունակում է կանգնած մնալ և Ադրբեջանն արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է, որ մոտ 400 տոննա հումանիտար բեռով 19 մեքենաները կանգնած են Կոռնիձորում և սպասում են ռուսական խաղաղապահների ու ադրբեջանական կողմի արձագանքին, որ մուտք գործեն շրջափակված Արցախ: