Հայաստանից տրվում են անկլավներ, 85-100 հազար ադրբեջանցի բնակեցվելու է այդ տարածքներում. Օսկանյան (տեսանյութ)

Այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կարող է բերել պատերազմի: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

«Այն լուծումը, որ այսօր սեղանի վրա կա, որն ամրագրվում է ամեն մի հանդիպման ժամանակ, անիրատեսական է: Դրանով Արցախը լուծարվում է Ադրբեջանի մեջ, գոյություն չի ունենալու: Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա։ 85-100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում, սրանք լրջագույն խնդիրներ են։

Փաստորեն, Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100 000 ադրբեջանցի, որոնք գալու են Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ, հավանաբար, նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ։ Սա բոլորովին այլ խնդիր է, 44-օրյա պատերազմից հետո հապճեպ գնալ նման լուծման, հավատացեք, սա նոր հակամարտության դուռ է բացելու»,- ասում է նա։

Նա պնդում է՝ այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, իրատեսական չէ. «Դա կարող է բերել պատերազմի, որովհետև, երբ դու անընդհատ պնդում ես, որ պատրաստ ես դա անելու, բայց մյուս կողմից դա անիրատեսական է, դա անելը հեշտ չի, դա ձգձգվելու է, ուշանալու է, բայց Ադրբեջանը չի համբերելու, որովհետև դու խոստացել ես: Սա է բերելու պատերազմի, ոչ թե այլընտրանք առաջարկելը:

44-օրյա պատերազմի պատճառներից մեկն այն էր, որ դուք անիրատեսական ակնկալիքներ առաջացրեցիք հակառակորդի մոտ, իսկ երբ դա տեղի չունեցավ, նրանք ստիպված էին գնալ պատերազմի, ու այս պարագայում միջնորդները ոչինչ չեն կարող անել»,- նշում է Օսկանյանը։

Նա վստահ է, որ առանց պատերազմ հրահրելու հնարավոր է փոխել բանակցությունների նարատիվը: Օսկանյանը կրկին հորդորեց Փաշինյանին՝ լռել։

Մանրամասները՝ տեսանյութում