Ալիևի օգնականը Հնդկաստանի դեսպանին հորդորել է «վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը»

Ադրբեջանական քարոզչամեքենան սկզբում կեղծ տեսանյութ է տեղադրում, թե իբրև Իրանի տարածքով հնդկական զենք է գալիս Հայաստան, հետո ժամեր չանցած Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հանդիպում է Բաքվում Հնդկաստանի դեսպանի հետ: Այս մասին գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ գրելով․

«Ու ի՞նչ է ասում. «Հնդկաստանի կողմից մահաբեր զենքի մատակարարումն Հայաստանին այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, ճանապարհ է բացում Հայաստանի ռազմականացման և իրավիճակի սրման համար, խոչընդոտներ է ստեղծում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար»:

Ուրեմն, որ Ադրբեջանն առավոտից երեկո զինվում է, տարեկան մոտ 100 զորավարժություն անում, Իսրայելի, Թուրքիայի, Պակիստանի ու այլ երկրների հետ ռազմական համագործակցությունն է խորացնում, դա վտանգ չի՞ տարածաշրջանին, բայց որ Հայաստանը զենք ձեռքբերի, դա արդեն անթույլատրելի է:

Ինչ խոսք, Ադրբեջանի հետևողականությամբ առաջ է տանում իր ագրեսիվ քաղաքականությունը, իսկ նման քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ մեր դեմ իրենք վաղ թե ուշ ռազմական գործողություններ են պլանավորել, իսկ հաջողելու համար իրենց պետք է անզեն, թույլ ու հանձնված պետություն»: