Ոչ, Աղդամի ճանապարհի հարց չեմ քննարկել Բրյուսելում․ նման հարց քննարկելու ոչ մանդատ ունեմ, ոչ էլ անհրաժեշտություն․ Փաշինյան

Ոչ, ես Աղդամի ճանապարհի հարց չեմ քննարկել Բրյուսելում՝ եռակողմ հանդիպման ժամանակ, որովհետև կարծում եմ, որ ընդհանրապես նման հարց քննարկելու որևէ մանդատ չունեմ: Այսօր այս մասին մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե Փաշինյանի համար անակնկա՞լ էր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով, կարևոր է, Փաշինյանը պատասխանեց․ «Անակնկալ չէր, բայց ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն ունեմ, ոչ էլ մանդատ։ Լաչինի միջանցքի հետ կապված հարց քննարկելու մանդատ ունեմ, որովհետև Լաչինի միջանցքը ստեղծվել է եռակողմ հայտարարությամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետևաբար այդ հարթակներում քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցերը, այլ հարցեր ես չեմ քննարկում»,- ասել է նա: