Հայաստանը Ղարաբաղը և ութ անկլավ ճանաչել է Ադրբեջանի մաս. Ալիև

Կարծում եմ, որ Հայաստանի հետ համաձայնություն ձեռք կբերվի առաջիկայում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ չինական China Media Group մեդիա-կորպորացիայի հարցազրույցում․

«Հայաստանն արդեն ստիպված է եղել շատ կարեւոր հայտարարություն անել այն մասին, որ իրենք ոչ միայն ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն իրենք պաշտոնապես հաստատել են անցած տարվա հոկտեմբերին եւ քանիցս հաստատել են նախկինում, այլեւ այս տարվա մայիսին նրանք ճշտել են (որովհետեւ մենք նրանցից պահանջել ենք ճշտել), որ Ղարաբաղը ճանաչում են Ադրբեջանի մաս։ Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառակուսի կիլոմետրի վրա, ինչը ներառում է Ղարաբաղը եւ ութ ադրբեջանական անկլավները Հայաստանի տարածքում։ Դա իսկապես կարեւոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն դնել թղթին եւ ստորագրել»,- նշել է նա։

Ալիևը խոսել է նաև արցախահայերի մասին․ «Նրանց իրավունքները եւ անվտանգությունը կապահովվեն մեր կողմից եւ Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։ Հայերը, որոնք ապրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ եւ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի այս դիրքորոշմանը»։