Մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի, պատերազմը շատ հավանական է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Agence France-Press-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի հետ նոր պատերազմը շատ հավանական է, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել և վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից։

«Մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի և վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից, իհարկե, (նոր) պատերազմը (Ադրբեջանի հետ) շատ հավանական է», –  ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Երևանի համար «կարմիր գծեր» են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։

Փաշինյանի խոսքով՝ ԼՂ ժողովրդի և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի ԼՂ ներկայացուցիչների մասնակցության միջոցով տեղի ունեցող երկխոսության արդյունքում․ «Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն»,- նշել է նա։

«Հաշվի առնելով ուժերի անհամաչափելիությունը՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կամ մոռացության մատնել օրակարգը, կամ լինել մենախոսողի և ոչ երկխոսողի դերում: Սա է պատճառը, որ պետք է գործեն միջազգային մեխանիզմները»,- նշել է նա։

Փաշինյանը ընդգծել է՝ Հայաստանի պարագան բարդ է, որովհետև ՀՀ շահագրգռվածությունը ԼՂ հարցում Ադրբեջանը մեկնաբանում է որպես ոտնձգություն տարածքային ամբողջականության նկատմամբ։