Երբ չես գնահատում հաղթանակդ, մատնվում ես պարտության

Յոթ ամսից ավելի է` (2022 թ. դեկտեմբերի 12-ից) Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, իսկ արդեն մեկ ամսից ավելի՝ լիակատար բլոկադայում՝ չունենալով տարրական կենսապայմաններ՝ պարեն, դեղորայք, ծանր հիվանդները զրկված են պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, դադարեցված է գազամատակարարումն ու էներգամատակարարումը։ Եվ այս ամենը զուգորդվում են Ադրբեջանի բռնապետի շարունակական հոխորտանքներով և ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի պարբերաբար հայտարարություններով, հուլիսի 15-ին էլ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ վերջինս հաստատել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով, որն իր մեջ ներառում է Արցախը, և պատահական չէ, որ Ադրբեջանի բռնապետն այսօր արդեն պահանջում է փաստաթղթով ամրագրել այս ամենը․

«Եթե անցած տարվա հոկտեմբերին նա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց` պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի, այդ թվում՝ Ղարաբաղի և անկլավ գյուղերի պարամետրերը։ Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում, մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է Ալիևը։

Ստացվում է, որ երբեմնի տարածաշրջանի անվտանգության երաշխավոր Արցախն այսօր մեն-մենակ կանգնած է ցեղասպանության շեմին (Ի դեպ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս փաստել է այս վտանգը, բայց և շարունակում է իր արցախակործան և հայակործան քաղաքականությունը։)։ Հաշվի առնելով այս ամենը, և հուլիսի 15-ին Հայաստան-Ադրբեջան հանդիպմանն ընդառաջ՝ Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով արցախահայությանը մեկ մարդու պես հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ հերթական անգամ հնչեցնելու աղետի կոչնակը և  անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերելու բոլոր դերակատարներին։ Միաժամանակ նա դիմել է ինչպես միջազգային հանրությանն ու ՌԴ-ին, այնպես էլ հայաստանահայությանն ու սփյուռքահայությանը․

«Նախքան մեր հետագա քայլերի մասին խոսելը, նախ ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության ժողովրդի կյանքն ու անվտանգությունը լրջորեն վտանգված են:

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ հայրենակիցներ, լուռ մի՛ գտնվեք, մա՛ս դարձեք Արցախում սկսվող համաժողովրդական շարժմանը, գործողություններ ձեռնարկեք Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների, Հայաստանում ներկայացված միջազգային դերակատարների առջև Արցախի ժողովրդին պատուհասած աղետի մասին բարձրաձայնելու և գործնական քայլերի մղելու ուղղությամբ:

Կոչով դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը. Հարգելի՛ քույրեր և եղբայրներ, Արցախի ժողովուրդը ցեղասպանության վտանգի տակ է, ընդամենը օրեր հետո մեր ժողովուրդը կանգնելու է լրջագույն գոյաբանական խնդիրների առջև: Այս ամենը նաև ձեր լռության ու անտարբերության հետևանքն է, արթնացե՛ք ու աղաղակե՛ք, բացե՛ք բոլոր դռները և հայտարարե՛ք 21-րդ դարի ցեղասպանության մասին: Այսօր աշխարհի շատ երկրներ իրենց պասիվությունն արդարացնում են հենց ձեր վարքագծով. Ապացուցե՛ք, որ արցախցի ձեր եղբայրներն ու քույրերը մենակ չեն, նրանք անպաշտպան չեն»:

Հուլիսի 14-ից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շարունակվում են հանրահավաքներն ու նստացույցը, որին մասնակցում են մեծ թվով մեր հայրենակիցներ, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչները՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

Հատկանշական է այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հուլիսի 14-ին մեկնարկած հանրահավաքի ժամանակ ընդգծեց, որ Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է

«Եվ հիմա մենք, հարգելի հայրենակիցներ, ձեզ հետ միասին, ուզում եմ, որ հայտարարենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունքը վաստակել և այն իրացրել է։

Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է։

Եվ թող որևէ մեկը թույլ չտա իրեն՝ սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և սեփական ճակատագիրը տնօրինելու  իրավունքն ու ազատությունը»,- հայտարարեց պետնախարարը:

Անխոս, պետնախարարի խոսքերն ամենաճշմարիտն են և բեկանման ենթակա չեն, քանզի ԼՂ կարգավորման քեյսը ամենահամապարփակ և հիմնավորված քեյսն է, սակայն փաստ է, որ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը 2018-ին կեղծ ու մանիպուլյատիվ խոստումներով գալով իշխանության, մերժելով նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու բանակցային գործընթացը՝ լիովին վիժեցրել է այն՝ 2020 թ․ բերելով անհամաչափ և դավաճանված պատերազմ, և ոչ միայն զիջողական հայտարարություններով է հանդես գալիս, այլև առանց վարանելու Արցախի Հանրապետությունն ու արցախահայությանը հանձնել է Ադրբեջանի բռնապետին, ինչը վերահաստատեց նաև Շարլ Միշելը Բրյուսելում կայացած հանդիպումից հետո։

Ցավոք, անհերքելի փաստ է, որ 2018թ․ կեղծ հեղափոխական էյֆորիան, որը տիրում էր Հայաստանում, համակել էր նաև արցախահայությանը, և Արցախից ոգևորության կոչեր էին հնչում՝ հաջակցություն հենց նույն Նիկոլ Փաշինյանի, իսկ  2019 թ․ այդ նույն Վերածննդի հրապարակը ցնծում էր Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ, միացում» խոսքերից՝ առանց գիտակցելու, որ դրանով իսկ ստորագրում է իր վերջնագիրը։

Փաստացի ողջ հայությունը մանիպուլյացիաների և տեխնոլոգիաների ազդեցության ներքո 2018-ին չկարողացավ տեսնել իրականությունը և գնահատել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում Ալիևը դժգոհում էր միջազգային հանրությունից՝ «Փակ դռների հետևում մեզ ստիպում են՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին» (2016 թ․ հոկտեմբեր)։ Սերժ Սարգսյանը հավատարիմ իր հայրենիքին և որդեգրած արտաքին քաղաքականության գծին, համաձայնություն էր տվել զբաղեցնել վարչապետի պաշտոնը, դրանով իսկ խառնելով արտաքին դերակատարների խաղաքարտերը, ինչի արդյունքում էլ իրականացվեց կեղծ «թավշյա և ոչ բռնի հեղափոխությունը», իսկ իրականում գունավոր հեղափոխությունը՝ իր բոլոր հետևանքներով։

Այս խոսքերի հերթական ապացույցն է 2018-ի մայիսին ԱԺ-ում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի հարցուպատասխանը, որում առաջնահերթություն է ընդունվում Լեռնային Ղարաբաղի շուրջ տարվող բանակցային գործընթացը, 2016 թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմից և հաղթանակից հետո բանակի բարեփոխումն ու սպառազինության համալրումը, արտաքին քաղաքականությանն ու սոցիալ տնտեսական մի շարք այլ հարցեր․

«Նախ պետք է ասեմ, որ ապրիլյան պատերազմը և՛ անակնկալ էր, և՛ անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ և չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմի համար էլ:

Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս՝ գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Թե ինչքանով հաջողվեց Արդբեջանի ղեկավարությանը իրականացնել իր ծրագրերը. կարծում եմ՝ այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ, իհարկե, ոչ:
Հաջորդ դասն այն է, որ մենք շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինությունն արտադրելուն և, որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելուն, առօրյայում նրանց կենցաղային խնդիրները լուծելուն, ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունն ամրապնդելուն»։

Այս նույն ԱԺ հարցուպատասխանի  ժամանակ Սերժ Սարգսյանը հստակ արձանագրում է, որ բանակցային գործընթացը կանգնած է, քանզի այն, ինչ ցանկանում է ստանալ Ալիևը, իր համար անընդունելի է․

«Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար: Պետք է ասեմ, որ մինչ այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի, իրոք, բանակցային պրոցեսում աշխուժություն տիրի, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան և հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Բայց, ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերով մեր հանդիպումները և բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետև մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում: Մեկ անգամ ևս հստակորեն ես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը և հիմքում ունենալով Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության նախագահի, ղեկավարության պնդումները՝ ասելով, որ մենք պատրաստ ենք և մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: Եվ այդ խնդիրը կարող է լուծվել, բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կողմից կամ Հայաստանի Հանրապետության կողմից: Այդպես լինել չի կարող: Իսկ ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար այդ ամենակարևոր խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»:

Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը ամեն գնով զավթելով իշխանությունը՝ «Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով , կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի» և թույլ չտալով Սերժ Սարգսյանին ճնշել Ադրբեջանի պատկերացումները և ստիպել հարմարվել ու հաշվի նստել արցախահայության ինքնորոշման իրավունքի հետ, շարունակում է բավարարել Ադրբեջանի բռնապետի առավելապաշտական ախորժակը՝ հանձնելով իր կիրթ և կառուցողական գործընկերոջը ոչ միայն Արցախը, այլև ՀՀ տարածքից որոշ անկլավներ, և դեռ հարց է, թե էլ ինչեր է հանձնելու։

Ամփոփման փոխարեն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հստակ հարցադրմամբ հանդես եկավ՝ իր խոսքն ուղղելով Հայաստանի Հանրապետությանը, միջազգային հանրությանն ու Ռուսաստանի Դաշնությանը․

«Ես հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչին եք սպասում: Ուզո՞ւմ եք այս հրապարակում մենք մարդկանց դիակներ ունենանք՝ որ արձագանքեք: Ուզում եք օրեր առաջ մեր երկրում մանկահասակների մահվան դեպքի կրկնություննե՞ր լինեն, որ խելքի գաք: Եվ ես ձեր բոլորի անունից ասում եմ՝ բավական է»:

Այս խոսքերին մնում է ավելացնել միայն մի բան՝ Հայ ժողովուրդ, ինչի՞ն ես սպասում, արդյո՞ք դու էլ պատրաստ ես կիսել մեր արցախահայության մահվան ողջ պատասխանատվությունն ու բեռը, արդյո՞ք դու էլ ես ուզում դիակների թմբեր տեսնել մեր արցախյան հրապարակում։

Ժամանակն է սթափվելու, խոստովանելու սեփական սխալները, ապաշխարելու և վճռական քայլեր ձեռնարկելու, բավ է ատելության և արհեստական սև-սպիտակի մթնոլորտը համակի մեզ, որովհետև նժարին մեր քույրերի ու եղբայրների կյանքն է, ձեր կյանքն է։

Ժաննա Ծառուկյան