Անընդունելի է, որ Հ1-ի քաղաքականությունը հնազանդությամբ իրագործում է նաև նրա թղթակցական կետն Արցախում. հայտարարություն

Գոյաբանական խնդիր լուծող Արցախը զերծ չէ նաև լրացուցիչ հոգեբանական ճնշումներից, որոնք, որքան էլ տարօրինակ ու անցանկալի, գալիս են նաև Հայաստանից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի անվտանգության և զարգացման ճակատը:

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից չեն հնչում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները, իսկ օրերս էլ, ընդհանրապես, Արցախ անվանումը, ինչն անթաքույց ձևով ներդաշնակվում է ադրբեջանական խոսույթի հետ:

Ակնհայտ է, որ նման քաղաքականությունն ակամա քողարկված ձևով տանում է դեպի համակեցության պարտադրանք, ներարկում անընդունելի օրակարգ: Նման մոտեցումը ոտնահարում է արցախահայության իրավունքները և աղավաղում փաստացի կարգավիճակը բնորոշող տերմինաբանությունը:

Կրկնակի անընդունելի է, որ հեռուստաընկերության նման քաղաքականությունը կիսում և չարդարացված հնազանդությամբ իրագործում է նաև հեռուստաալիքի թղթակցական կետն Արցախում:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նման դիրքորոշումը և կոչ անում` հարգել Արցախի Հանրապետության գործող Սահմանադրությունն ու վերանայել որդեգրված քաղաքականությունը»։