Հարգելի՛ քաղաքացիներ, եկեք արմատախիլ արեք ինչ կա-չկա, կառավարությունը կաջակցի ձեզ 95 % ֆինանսավորմամբ. Փաշինյան

«Տնամերձ տարածքներում, որոնք Հայաստանում իրենց մակերեսով փոքր մաս չեն կազմում, գյուղոլորտի զարգացումները տեղի չեն ունենում»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ զեկուցելով տնամերձ հողամասերում այգիների հիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը:

Նրա խոսքով՝ խնդիրն ավելի է խորանում, երբ տնամերձ հատվածներում տնկված ծառերի բերքատվությունն անկում է արձանագրում և հիվանդությունների ու վնասատուների դեմ կայունությունը նվազում է:

Փոխնախարարը հայտնեց, որ ծրագիրը կիրականացվի 2023-2024 թվականներին՝ Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում։

Արման Խոջոյանը հայտնեց, որ ծրագրի շահառու կլինեն 100-1000 քմ մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ, տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։ Ինչպես նաև տնամերձը հին, ոչ բերքատու կամ սակավ բերքատու մշակաբույսերից ազատելու դեպքում պետությունը 95 %-ով աջակցություն կցուցաբերի՝ տրամադրելով որակի վկայականով տնկիներ, կաջակցի նաև կաթիլային ոռոգման հարցում:

«Ասում ենք, հարգելի՛ քաղաքացիներ, եկեք հին, ոչ կամ սակավ բերքատու մշակաբույսերից ազատեք տնամերձը, այսինքն՝ արմատախիլ արեք ինչ կա-չկա, կառավարությունը կաջակցի ձեզ 95 % ֆինանսավորմամբ, որակի վկայականներ ունեցող տնկիներ կտրամադրի ձեզ»,-նախագիծը պարզաբանեց Փաշինյանը: