Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է։ Ինչպես տեղյակ եք, հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետև Լաչինի միջանցքը շրջափակված է ամբողջապես: ԼՂ-ին բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից:

Միաժամանակ տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության և քարոզչության շարունակական սրում հատկապես ԼՂ-ի ուղղությամբ: Չեն դադարում Հայաստանի հասցեին հնչող ադրբեջանական անհիմն մեղադրանքները: Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել ԼՂ-ից դուրս բերել Հայաստանի բանակի ստորաբաժանումները այն պայմաններում, երբ Հայաստանը ԼՂ-ում զինվոր չունի:

Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա: ԼՂ-ում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է: Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում ԼՂ-ում»,-հայտարարեց Փաշինյանը: