Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին և այստեղ ԱՄՆ դեսպանին դիմելու փոխարեն, Արայիկը դիմել է Պուտինին, և գիտե՞ք ինչու…

Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, ինչպես տեղեկանում ենք Artsakhor.am-ի տելեգրամյան ալիքի երեկվա հրապարակումից , նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակով նա Պուտինին հորդորել է մի քանի օրում իրեն պատասխանել, թե ինչ են պատրաստվում անել Արցախում՝ արդյո՞ք շարունակելու են կատարել խաղաղապահների առաքելությունը, որի մեջ մտնում է նաև արցախցիների ազատ տեղաշարժի ապահովումը։

Եթե ՌԴ նախագահին այս բովանդակությամբ նամակ գրելու միտքն Արայիկին Նիկոլը կամ ինչ- որ մեկը չի հուշել, ապա Արայիկը, պարզվում է, բավական խորամանկ է…

Ի՞նչ է, կարծում եք, թե Արայիկի դարդուցավն Ադրբեջանի կողմից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արդեն 20 օր շարունակվող ամբողջական արգելափակման, Հայաստանից Արցախին տրվող էլեկտրաէներգիան ու գազը կտրելու հետևանքով Արցախում առաջացած սոցիալ- տնտեսական, հումանիտար ծանր իրավիճա՞կն է, Արցախի շուրջ 120 000 բնակչության՝ սովամահության ու ձմռանը տներում ցրտահահարվելու հեռանկարի առջև կանգնած լինե՞լը…

Եթե այդպես լիներ, ապա ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը պետք է նամակ գրեր ոչ թե Պուտինին, այլ Նիկոլին, և այդ նամակում Նիկոլին պետք է հորդորեր մի քանի օրում իրեն պատասխանել.

  1. Արդյոք հրաժարվելո՞ւ է առաջիկայում «խաղաղության պայմանագիր» կոչվածով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն 86,6 հազար քառակուսի կիլոմետրով (այսինքն՝ Արցախն Ադրբեջանի կազմում ներառյալ) ճանաչելուց, ինչը նշանակում է ՌԴ նախագահին ու ռազմաքաղաքական ղեկավարությանն ընդհանրապես զրկել Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահների առաքելությունը շարունակելու, ներառյալ ՝ արցախցիների ազատ տեղաշարժի ապահովման իրավական ու քաղաքական նվազագույն հնարավորություններից:
  2. Արդյոք հրապարակայնորեն հրաժարվելո՞ւ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն 86,6 հազար քառակուսի կիլոմետրով (այսինքն՝ Արցախն Ադրբեջանի կազմում ներառյալ) ճանաչելու վերաբերյալ ավելի վաղ արտերկրում ու Հայաստանում քանիցս արած հայտարարություններից, որոնք չափազանց դժվարացրել են Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահների առաքելության շարունակումը և, հատկապես, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով արցախցիների ազատ տեղաշարժի ապահովումը:

Նկատի ունենալով, որ Նիկոլն իր հայտնի հայտարարություններից բխող վերոնշյալ հետևանքների առումով կարող է իրեն չհասկացողի տեղ դնել, ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողն իր նամակում պետք է հավելեր՝ քանի որ նշված միջանցքն ուժային եղանակով ապաարգելափակելու ՌԴ խաղաղապահների կամ ԶՈւ ցանկացած փորձ ձեր հայտարարություևներից հետո ստեղծված իրավիճակում կարող է միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ խնդիրներ առաջացնել, առավել ևս՝ անխուսափելի դարձնել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պատերազմը՝ դրանում Թուրքիայի անմիջական ու լայնամասշտաբ ընդգրկմամբ, ՌԴ-ի համար մեր տարածաշրջանում պատերազմի երկրորդ ճակատ բացելով և այդ առումով Ուկրաինայի և Արևմուտքի երազանքն իրականություն դարձնելով:

ՌԴ նախագահին հիշյալ հարցերը տալու փոխարեն, Արայիկը մի նամակ էլ պետք է ուղղեր Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին ու նրանից բացատրություն պահանջեր, թե ինչպե՞ս, ի՞նչ հիմքով է ինքը տասնամյակների վաղեմության ու հենց ներկայի հանրահայտ փաստերը, անժխտելի իրողություններն անտեսելով, պնդում, որ Արցախի բնակչությունը կարող է խաղաղ ապրել ցեղասպան Ադրբեջանի կազմում, և ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ խղճով են ինքը՝ դեսպանը, ինչպես նաև նրա ներկայացրած երկիրն աշխատում Արցախից շուրջ 120 000 տղամարդկանց, կանանց և երեխաներին Ադրբեջանում սպանդանոց տեղափոխելու ուղղությամբ:

Ի՞նչ պատասխան է ակնկալում Արայիկը Պուտինից, երբ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի, Արցախի, հայերիս ներքին թշնամիներից մեկը, Ռուսաստանի ոխերիմ թշնամի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, քննարկել են Ուկրաինայում պատերազմի ընթացքը… Հասարակական, քաղաքական գործիչ, դիվանագետ, Լեհաստանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը վերոնշյալ հանդիպման ու քննարկման մասին տեղեկացնելով  իր ֆեյսբուքյան էջում, գրառումը շատ դիպուկ է վերնագրել՝ «Դուդան և Հուդան«:

Քանի որ ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը Նիկոլին և Հայաստանում ԱՄՆ դեսպանին վերոնշյալ հարցերով դիմելու փոխարեն, արդեն հիշատակված հարցով նամակ է գրել Պուտինին, կարող ենք եզրակացնել, որ նրա իրական նպատակն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության շարունակման ՌԴ նախագահի հավաստումը ստանալը և ռուսական խաղաղապահների կողմից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապաարգելափակմանը հասնելը չէ:

Արայիկը կամ նրա խորհրդատուն հավանաբար հաշվարկել է, որ Նիկոլի հայտարարությունների պատճառով ստեղծված իրավիճակում Պուտինը, ամենայն հավանականությամբ, կամ հարցին բացասական պատասխան է տալու, կամ պարզապես արհամարհելու է իրեն և չի պատասխանելու, և, հետևաբար, թե՛ բացասական պատասխանը, թե՛ լռությունը շահագրգիռ անձանց և ուժերի կողմից կարող են լավագույնս ծառայեցվել Արցախում և Հայաստանում հակառուսական տրամադրությունների խթանման համար:

 

Արթուր Հովհաննիսյան