Իրանը դարձել է ՇՀԿ լիիրավ անդամ

Իրանը լիիրավ անդամակցություն է ստացել Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Այս մասին ասվում է ՇՀԿ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Նյու Դելիի հռչակագրում:

«Անդամ պետություններն ընդգծել են ՇՀԿ-ին Իրանի Իսլամական Հանրապետության՝ որպես լիիրավ անդամ պետության ընդունման պատմական նշանակությունը»,-ասվում է փաստաթղթում:

Ինչպես նշել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդում, լիիրավ անդամակցությունը կբարելավի անվտանգության, տնտեսության զարգացման եւ ինքնիշխանության ապահովման պայմանները:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին։ ՇՀԿ անդամ են Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Իրանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակում է Բելառուսը։ Անցած տարի հուլիսին Մինսկը լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել։