Մոսկվայում քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի զարգացման, վերակառուցման և արդիականացման հարցեր

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Երևանի Մետրոպոլիտենի տեղեկացմամբ, Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է խոշորագույն շինարարական ընկերության «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի հետ։

Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի համար և կարևորել «Մոսմետրոստրոյ» ընկերության դերը Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ծրագրի հարցում, ինչպես նաև առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի մետրոպոլիտենի զարգացմանը, վերակառուցմանը և արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը վստահությամբ ընդգծել է, որ «Մոսմետրոստրոյ» ընկերության մասնագետների մասնագիտական ներդրումն ու փոխգործակցությունը կնպաստի արդիականացման ուղղությամբ համագործակցության զարգացմանը և արդի հարցերի վերաբերյալ նորարական մոտեցումների ձևավորմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որից հետո մասնակիցները շրջայց են կատարել «Մոսմետրոստրոյ» ընկերությունում։