Արցախի նախագահը մեկ տեղ ունի դիմելու՝ ՀՀ իշխանություններին. Պուտինին ու Բայդենին դիմելն արդյունք չի տալու. Վարդան Օսկանյան

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով  դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախի նախագահի նամակին՝ ասաց․ «Արցախի իշխանությունները մի տեղ ունեն դիմելու, դա Հայաստանի ղեկավարությունն է, Նիկոլ Փաշինյանն է: Արցախի իշխանությունները կարող են դիմել Պուտինին, Բայդենին, դա ոչ մի արդյունք չի տալու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանություններն ասում են, որ Արցախն Ադրբեջան է:

Ես շատ հստակ փաստեր ունեմ ականատեսների, որոնք լսել են տարբեր խոսակցություններ, որոնք փաստում են այն, ինչ ասացի. այնքան ժամանակ, որ ՀՀ իշխանություններն ասում են՝ Ղարաբաղն Ադրբեջան է, այդ մարդիկ ոչինչ չեն կարող անել: Ուստի Արայիկ Հարությունյանը մեկ տեղ ունի դիմելու՝ ՀՀ իշխանություններին»,-ասաց նա:

Անդրադառնալով պատերազմի հավանականությանը, Օսկանյանը նշեց. «Եթե այսպես շարունակվի, Նիկոլ Փաշինյանը շարունակի խոսել և իր խոսքին համարժեք քայլերով փորձի ձգձգել, շատ մեծ է պատերազմի հնարավորությունը: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս լռի, ամեն անցնող օր նվազելու է պատերազմի հնարավորությունը և կարծում եմ՝ երկու ամսից զրոյական կլինի:

Այն, ինչ այսօր արվում է, չի կարող կայուն խաղաղություն բերել: Սա կարող է ժամանակավոր Փաշինյանի իշխանության եւ Ադրբեջանի միջև ինչ-որ խաղաղություն բերի: Այս լուծումը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև չի կարող խաղաղություն բերել»: