ԲԴԽ-ն դադարեցրեց չորս դատավորների լիազորությունները

ԲԴԽ-ն այսօր հրավիրած նիստում հրապարակեց հինգ դատավորների լիազորությունների դադարեցման մասին որոշումները։

«ԲԴԽ-ը, քննելով ԱՆ պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշեց Սամվել Թադևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել՝ հաշվի առնելով, որ վերջինի լիազորություններն արդեն իսկ դադարած են։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ու վերջնական է։ Միաժամանակ խորհուրդը տեղեկացնում է, որ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք»,-հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանը։

ԲԴԽ-ն դադարեցրեց նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով»։