Փաշինյանը որքան շատ է խոսում Սերժ Սարգսյանի մասին, այնքան շատ է ապացուցվում, որ տանուլ է տվել բոլոր հարցերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 27-ի և ավելի վաղ՝ հունիսի 20-ի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստերի ելույթն ու հարցուպատասխանը նման էր հայկական անորակ սերիալի՝ «հեքիաթն է կանչում, երեխաներ» մոտիվներով, որը բավական զավեշտալի կլիներ, եթե մեզ, մեր Հայրենիքին ու մեր նահատակված հերոսներին չառնչվեր։

Այն, որ իր նախաձեռնությամբ հանրային և բաց ցուցմունք տվող Նիկոլ Փաշինյանը կոնկրետ փաստերի և դրվագների մասին խոսելիս պահանջում է դռնփակ գաղտնի ներկայացում և ինչպես հայտնի «Ադամանդե ձեռքը» («Бриллиантовая рука») ֆիլմում՝ «ես մեղավոր չեմ, ինքն է եկել», պատրաստակամ է միայն հանրայնորեն ասել` «դե ես ինչ մեղք ունեմ, իրենք են մեղավոր, ես չգիտեի, ես չէի ուզում, ինձ սխալ են զեկուցել, ես հայրենասեր եմ, ինձ սխալ եք հասկացել, և այլն», անհերքելի փաստ է, բայց այն, որ հերթական անգամ իր այդ մանկական մանիպուլյատիվ արտահայտությունների հետ զուգահեռ փորձում է մոլորեցնել հանրությանը՝ ներկայացնելով աղավաղված փաստեր՝ բանակցային գործընթացից և առհասարակ իրականությունից, դա արդեն թույլ տալ չի կարելի է։

Ինչ է ասում Փաշինյանը

«Իմ առաջին ընկալումը հետևյալն էր, եթե բանակցային  գործընթացի սեղանին կա սուբյեկտ, որը կարող է ասել՝ ոչ, և ձեռնարկել ռազմական բնույթի գործողություններ ու դրանից հետո հակահարված չստանալ միջազգային հանրությունից: Եվ բանակցային սեղանին նստած է երկրորդ սուբյեկտը, որը հենց որ որոշակի դժգոհություն է արտահայտում, նրա դեմ սկսվում է ռազմական գործողություն: Այս իրավիճակում ինչպե՞ս վարել բանակցությունները, ըստ էության, այն նույն կետից, որ կետից սկսվել է 2007-ին:

2019-ին ես բանակցային այս պրոցեսը աշխատանքային մակարդակում անվանում էի պատերազմական կոնվեյեր, որովհետև տրամաբանությունը հետևյալն է՝ բանակցություններով տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես ես նույնը կստանամ պատերազմով: Իմ խնդիրն էր հասկանալ՝ ի՞նչ գործոններ կան, որ կարող են այս կոնվեյերը կանգնեցնել: Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել այն կանգնեցնել»։

Բրավո, պարոն Փաշինյան, վերջապես խոստովանում եք, որ անկարող եք ոչ միայն կանգնեցնել պատերազմը, որը դեռ չի ավարտվել և դեռ ավելին է տանելու, այլև բանակցություններ վարել, քանզի դուք, ի տարբերություն ՀՀ նախկին ղեկավարների, Արցախն ու Հայաստանը բանակցող կողմից դարձրել եք բանակցությունների առարկա, միևնույն ժամանակ փաստում եք, որ քաջատեղյակ լինելով Ադրբեջանի մտադրությունների մասին, հասկանալով, որ միևնույն է, հայտնվում եք փակուղում, քանզի ինչպես դուք եք նշում՝ Ադրբեջանը հակահարված չի ստանում միջազգային հանրությունից,  դուք ոչ միայն չեք փորձել Հայրենիքում համախմբում և բանակցային կոնսուլտացիաներ անցկացնել երկրի նախկին ղեկավարների հետ՝ մի կողմ դնելով տարաձայնությունները, քանզի այդպես կվարվեր ցանկացած հայրենասեր առաջնորդ, այլև 2020-ի մայիսի 6-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանին՝ ասում եք․

««Չի լինելու այդպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռքներս դողա՝ «վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցել այդ հարցի շուրջ, և մենք այդ լիազորությունը, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ: Եվ թող ոչ մեկ մեզ չասի՝ «հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը: Ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։

Իսկ այսօր վարչապետի աթոռն զբաղեցնող անձը, որը պատերազմի օրերին իրեն հռչակել էր գերագույն գլխավոր հրամանատար, տարակուսում է՝ արդյո՞ք ճիշտ չէր լինի 2019-ին ներկայացնել իրողությունը և փորձել լուծումներ գտնել, որի արդյունքում գուցե և խուսափեինք պատերազմից կամ գոնե ավելի պատրաստված կլինեինք և հնարավորինս քիչ կորուստներով․

«Հարցը լեգիտիմ է, իսկ ինչու 2019-ի մասին հրապարակային չի խոսվել այս ձևով: Կա հետևյալ երկու հարցեր՝ իսկ որոնք էին լինելու այդ ասելիքը ասելու հետևանքները, և հաջորդ հարցը՝ որն էր լինելու հաջորդ քայլը՝ այդ ասելիքը հրապարակելուց հետո: Այդ պոտենցիալ ասելիքի ու անելիքի հետ որքանո՞վ էի ես ներդաշնակ: Մի բան է, թե որն է իրողությունը, և այլ բան է՝ հաշտվել այդ իրողության հետ: Մի բան է խնդրի հետ առերեսվել, ուրիշ բան է այդ խնդրի հետ ներդաշնակվել:

Այդ ասելիքը ասելու հետևանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Համենայնդեպս, այդ իրողության հետ այսօր էլ ներդաշնակ չեմ, բայց ժամանակի ընթացքում եկել եմ եզրակացության, որ դրա մասին պետք է բարձրաձայնվի: Ընդ որում, դա պետք է արվի քննիչ հանձնաժողովում: Այս ամենը հնչել է այսօր, որովհետև այսօր եմ ես քննիչ հանձնաժողովում»:

«․․․Այսինքն ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը»:

Պետության ղեկավարի պաշտոնը ստանձնած անձնավորության այս խոստովանություններից հետո, եթե ունենայինք պետականամետ իրավապահ համակարգ, նա անմիջապես կկանչվեր համապատասխան մարմին իրական ցուցմունք տալու։ Բայց ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք, և հետևաբար այսօր Նիկոլ Փաշինյանը ունի լայն հնարավորություն հայտնի անեկդոտի պես արդարանալու՝ բա դե գիտեք, «Երբ որ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել, իմ վարչապետ դառնալուց հետո, 2018-ին, հետագայում երբ որ հարց եղավ, թե ինչ է ինքը ինձ ասել, ես ասեցի՝ ասել է հողերը տուր, իրենք էլ հերքեցին․․․Դա էլ այդտեղ փակեցին, գոնե հիմա հնարավորություն կունենայի ասելու, գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուր, բայց դա էլ հերքեցին իրանք, ես սուտ դուրս եկա, փաստորեն ինքն էլ չի ասել տենց բան»։

Այստեղ էլ Փաշինյան Նիկոլը իր ինքնախոստովանական ցուցմունքով փաստում է, որ իրեն պարզապես պետք է քավության նոխազ, հերթական մեղավոր։ Եվ այս ամենը հերթական անգամ ապացուցվում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ներկայացրած փաստերով՝ հոկտեմբերի 19-ի վերաբերյալ, որը նա հնչեցրել է LIVEnews.am կայքի «Մտորենք միասին» հաղորդաշարի շրջանակներում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր պարտությունը գցել նախկին նախագահների գրպանը․

«Ինքն ուզում էր, որ 5 նախագաները կանգնեն, հայտարարություն անեն, որ այո, Նիկոլ ջան, կանգնեցրու պատերազմը հոկտեմբերի 19, ինքն էլ ֆռա ասի՝ դե ինչ անեի՝ նախկիններն ասին՝ կանգնեցրու, ես էլ կանգնեցրի․․․»։

Այս ամենի համատեքստում բնական է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը փակուղու առաջ է կանգնում իր մեղադրական եզրակացությունը գրելիս, բայց միևնույն ժամանակ գիտակցում է իր մեղավորությունը (Փաշինյանի մեղավոր զգալու մոլուցքը նկատվում է ավելի վաղ ժամանակներից, որի մասին հստակ արձանագրումներ են առկա իր «Երկրի հակառակ կողմը» գրքում․ տես՝ այստեղ)

«Բայց ես այստեղ մի պրոբլեմ ունեմ. երբ, որ թուղթ ու գրիչը վերցնում եմ և սկսում եմ ձևակերպել ինքս իմ մեղադրական եզրակացությունը, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի: Ասվում է՝ գնայիր, սա ընդունեիր, չես ընդունել, մեղավոր ես: Դա չլինող բան էր, ոչ թե այն առումով, որ իրականանալի չէր, այլ ճիշտ չէր, չէր կարելի դա անել:

Սա քաղաքական ձև չէ։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում և զգում, բայց իմ մեղադրական եզրակացությունը գրելիս գալիս և փակուղու առաջ եմ կանգնում, կանգնում եմ՝ Զանգելանի առաջ»։

Իրեն մեղավոր համարող, բայց առանց մեղադրական եզրակացության Նիկոլ Փաշինյանը այստեղ էլ կանգ չի առնում և շարունակում է արդարացում փնտրող պատանու պես․

«Բոլոր հայտարարություններին եկեք վերաբերվենք վստահությամբ. Սերժ Սարգսյանի թիմակիցներն ասում են՝ սենց էր լինելու, սենց էր լինելու, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն ասում են՝ այ սենց լավ լուծում կար, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցները ասում են՝ այսպիսի ընտիր լուծում կար։ Շատ լավ, դե լուծեիք, ի՞նչ եք եկել հիմա բացատրում, թե ինչ պետք է լիներ 1994-ին, 1997-ին կամ 2013-ին ու 2018-ին ինչ պետք է լիներ:․․․

Սերժ Սարգսյանը 2017-ի նոյեմբերին հարցազրույցում հայտարարել է, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել թողնել բոլոր 7 շրջանները, բայց Արդբեջանն ամեն անգամ նոր պահանջներ էր առաջ քաշում. Այսինքն ո՞րն է նոր պահանջը, դա այն է, որ պահանջում են Ղարաբաղը ներառյալ: Եթե մենք 7 շրջանները և Ղարաբաղը տայինք, ես վստահ չեմ, որ դա մեզ շանս չէր տա պատերազմից խուսափելու»։

Այո, Նիկոլ Փաշինյան, այդ հարցում դուք ճիշտ եք․․․

Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ դուք ունակ չեք լինել բանակցող ղեկավար, ու 7 շրջաններն էլ, մի բան էլ ավելի տալով, Արցախն էլ Ադրբեջանի կազմում ճանաչելով, Հայաստանից անկլավներ էր տալով, թշնամուն Երևան էլ թողնելով, դուք ունակ չեք կանգնեցնել թուրքի ախորժակը, և պատերազմը դեռ շարունակվում է, գրեթե ամեն օր ունենում ենք զոհեր ու վիրավորներ, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից կորուստներ, հայ ժողովրդի հումանիտար ցեղասպանություն․․․

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ 3-րդ նախագահի փոխզիջման քաղաքականությանը և այն խոսքերին, թե՝ պատրաստակամ էինք 7 շրջանները հանձնել, բայց ամեն անգամ նոր պահանջներ էր առաջ քաշում Ադրբեջանը, սխալ եք ընկալել, պարոն Փաշինյան։

Այո․․․ արհեստածին այդ պետությունը երբեք էլ չի թաքցրել իր առավելապաշտական նկրտումները՝ փորձելով գրավել և յուրացնել թե մեր պատմական հողերը, թե մեր պատմությունն ու ժառանգությունը, բայց ՀՀ ղեկավարները, և ձեր իսկ կողմից հիշատակված 3-րդ նախագահը այս տարիների ընթացքում ոչ միայն հաղթանակներ են արձանագրել ռազմի դաշտում, այլև կարողացել են այնպես տանել բանակցային գործընթացը, որ այն չհայտնվի փակուղում, որ Ադրբեջանի բռնապետը բողոքի միջազգային հանրությունից, թե փակ դռների հետևում են իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղը (ադրբեջանական haqqin.az), այն, ինչ դուք ունակ չեղաք և չեք (ինքներդ եք պարծեցել, որ բանակցությունները սկսում եք ձեր սեփական կետից):

ՀՀ 3-րդ նախագահը գիտակցելով ադրբեջանական նկրտումները, պահի լրջությունն ու Ալիևի նկատմամբ ճնշումը չթուլացնելու կարևորությունը՝ 2018-ին համաձայնեց ստանձնել վարչապետի պաշտոնը, ինչի մասին հստակ ընդգծում է tert.amին տված իր արձագանքում․

«Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ»։

Այնպես ո,ր հաշվի առնելով ձեր իրարամերժ գործելաոճն ու անընդհատ ինքներդ ձեզ հերքելու պրակտիկան, հաշվի առնելով Ալիևի խոստովանությունը, որ գործուն մասնակցություն է ունեցել 2018-ի ՀՀ հեղափոխությանը, ինչպես նաև ձեր կառուցողական և կիրթ գործընկերոջ բոլոր այն հայտարարությունները, որ անթույլատրելի է ՀՀ-ում հեղաշրջումը ՀՀ ռևանշիստ նախկին նախագահների կողմից և մի շարք այլ հանգամանքներ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի կասկածի տակ դնել 2018-ին իշխանությունը ձեզ հանձնելու վերաբերյալ ձեր այս խոսքերը․

«Եթե նույնիսկ այդտեղ խաղ կար, կարող եք վստահ լինել, որ ես այդ խաղին մասնակից չեմ»։

Ամփոփման փոխարեն

– Գիտե՞ս ինչ, Մարկո, ես քեզ հասկանում եմ, լավ եմ հասկանում, շատ լավ հասկանում եմ նաև իմ այն հայրենակիցներին, որոնց կարգախոսը համընկնում է սերբականի հետ. մահ կամ ազատություն: Հավատա, որ ես հարգում եմ այդ կարգախոսը, սիրում եմ այն: Բայց շատ հաճախ մենք մոռանում ենք ժամանակի եւ տարածության մասին, մոռանում ենք, որ աշխարհը փոխվում է: Եթե 18 թվականին մենք Երևանի մոտ` Սարդարապատում, և Բաշ Ապարանում չկռվեինք թուրքի դեմ, պետություն չէինք ունենա: Իսկ եթե 88 թվին մենք փորձեինք մեր պապերի վրեժը լուծել Մասիսի, Սիսիանի, Վարդենիսի թուրքերից, մենք էլի չէինք ունենա պետություն, որովհետեւ մենք չէինք կարող թուրքերի դեմ կռվել ե՛ւ Մասիսում, ե՛ւ Սիսիանում, ե՛ւ Վարդենիսում, ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Նախիջեւանում, ե՛ւ Հայաստանում սահմանի ողջ երկայնքով: Իսկ եթե 15 թվին կռվեինք թե՛ Ստամբուլում, թե՛ մնացած բոլոր տեղերում, գուցե թե փրկվեինք: Հասկանո՞ւմ ես, կռվելը ինքը նպատակ չէ, խաղաղությունը նույնպես: Հաղթում է նա, ով կռվելու ժամանակը կարողանում է տարբերել հաշտվելու ժամանակից եւ կռվելու ժամանակի մեջ կռվում է, հաշտվելու ժամանակի մեջ` հաշտվում: Մարկոն ոչինչ չասաց, ես շարունակեցի. – Արի արդյունքներով նայենք. Կոսովոն դուք կորցրիք, Բոսնիան կորցրիք, Չեռնոգորիան կորցրիք: Սա հատուցումն է այն բանի, որ դուք կռվեցիք այն ժամանակ, երբ պետք էր սիրաշահել: Բայց սխալ չհասկանաս. դու զինվոր ես, դու անմնացորդ նվիրվել ես քո գործին, եւ դու հերոս ես, քո ազգի հերոսը: Քո գործը հրամաններ կատարելն է, եւ դու այդ անելու համար ոչինչ չես խնայել: Բայց քեզ հրաման տվողները պետք է մտածեին քեզ հրաման տալուց առաջ, որովհետեւ նրանց գործը հրաման տալուց առաջ մտածելն է: Նրանք չեն արել իրենց գործը, նրանք դավաճանել են իրենց ժողովրդին:

– Միեւնույն է, ամերիկացիք գանդոն են: Եվրոպացիք էլ,- դառնացած ասաց Մարկոն:

– Ռուսները նույնպես,- որպես հետգրություն ավելացրի ես:

Իմաստուն Ծերուկը այդպես էլ ոչինչ չասաց: («Երկրի հակառակ կողմը» էջ 20-21)

Նիկոլ Փաշինյան, ինքներդ եք ասում, հրաման տալուց առաջ պետք է մտածել, այլապես կդավաճանեք ժողովրդին, և այսօր որքան էլ փորձեք արդարանալ, քավության նոխազներ փնտրել, միևնույն է ․․․ հրաման տվողը դուք եք։

Ժաննա Ծառուկյան