ՆԱՏՕ-ն չպետք է թերագնահատի Ռուսաստանին ապստամբության փորձից հետո. Ստոլտենբերգ

«ՆԱՏՕ-ն չպետք է թերագնահատի Ռուսաստանին՝ անցած շաբաթավերջին տեղի ունեցած իրադարձություններից հետո և դեռ պետք է Ուկրաինային հնարավորինս շատ տարածքներ գրավելու հնարավորություն տա», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով, որոնք մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»,  Ռուսաստանում հունիսի 24-ի իրադարձությունների հետևանքների մասին եզրակացություններ անելը դաշինքի համար վաղաժամ է, սակայն ՆԱՏՕ-ն պահպանում է պատրաստությունն ու զգոնությունը:

«Մենք բոլորս տեսել ենք անցած հանգստյան օրերի իրադարձությունները։ Սա Ռուսաստանի ներքին գործն է: Առայժմ վաղ է՝ որևէ վերջնական եզրակացություն անել երկարաժամկետ հետևանքների վերաբերյալ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի համար։  Մենք կարող ենք ասել, որ շարունակում ենք ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը: Բայց մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին»,- Հաագայում կազմակերպության գագաթնաժողովից հետո ասել է Ստոլտենբերգը:

Նա հավելել է, որ Ռուսաստանում տիրող իրավիճակի ֆոնին ՆԱՏՕ-ի մասնակիցները բարձրացրել են իրենց երկրների զինված ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև ուժեղացրել են դաշինքի ներկայությունը արևելյան թևում:

«ՆԱՏՕ-ն պետք է շարունակի առավելագույն օգնություն ցուցաբերել Ուկրաինային, և որքան շատ հող նրանք գրավեն, այնքան ուժեղ կլինի Կիևի դիրքորոշումն առաջիկա բանակցություններում», – ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը: