Ալիևը խեղդում է Արցախի բնակչությանը բոլորիս ու բոլորի աչքի առջև, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը՝ նրան հանցակից, ընդդիմությունն առայժմ՝ դիտողի դերում

Ավելի քան տասն օր է արդեն, ինչ Արցախի Հանրապետությունն ընդհանրապես զրկված է արտաքին աշխարհի հետ տրանսպորտային կապից, Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտմամբ ամբողջովին շրջափակել է Լաչինի միջանցքը՝ ամենաուղղակի սպառնալիքի տակ դնելով Արցախի Հանրապետռւթյան ողջ բնակչության գոյությունը: Ալիևը բոլորիս ու բոլորի աչքի առջև խեղդում է Արցախի բնակչությանը, նախապատրաստում նրա ցեղասպանությունը:

Արցախը Հայաստանի և Հայաստանի միջոցով արտաքին աշխարհի հետ իր միակ տրանսպորտային կապն ապահովող Լաչինի միջանցքով հունիսի 15-ից չի կարողանում ստանալ բացարձակապես ոչինչ՝ ոչ պարենամթերք, ոչ դեղորայք, ոչ առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքներ, ոչ վառելիք…

Ադրբեջանը հունիսի 22-ին Հակարիի կամրջի «իր կողմում», անցակետից ոչ շատ հեռու բետոնե արգելապատնեշներ է տեղադրել, հետո, կապիկություն անելով, դրանցից եզրայինները, ի տես և ի խաբեություն արտաքին աշխարհի, խորամանկորեն հանել է, բայց Լաչինի միջանցքը շարունակում է երկկողմանի կերպով ամբողջովին փակ պահել թե՛ բեռնափոխադրումների, թե՛ ուղևորափոխադրումների համար:

Միակ բացառությունը եղել է երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի կողմից Հայաստանի բժշկական կենտրոններ 15 բուժառուի (9 ուղեկցողի հետ) տեղափոխման թույլատրումը: Եվ սա՝ արտաքին աշխարհի մոտ դարձյալ այն խաբուսիկ տպավորությունը ստեղծելու համար, թե Ադրբեջանը հետևում է միջազգային մարդասիրական սկզբունքներին:

Ընդգծենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակումը հնարավոր է դարձել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի կողմից պետական դավաճանաության հերթական դրսևորման՝ Արցախն Ադրդրբեջանի կազմում ճանաչելու պաշտոնական ու հրապարակային հայտարարության արդյունքում:

Թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը , որի 6-րդ կետի համաձայն, «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո», եռակողմ հայտարարությունը ստորագրողներից որևէ մեկը պաշտոնապես չեղյալ չի համարել, սակայն Նիկոլի վերոնշյալ հայտարարությունն Ալիևին հնարավորություն է տվել հայտարարության տվյալ դրույթն անտեսելու, քանի որ նույնիսկ Հայաստանն է Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի մաս:

Ըստ Ադրբեջանի, տրամաբանությունը հետևյալն է՝ քանի որ Ղարաբաղը նույնիսկ Հայաստանի վարչապետի հայտարարությամբ, խոստովանությամբ Ադրբեջան է, Հայաստանի հետ ճանապարհը մեր երկրի տարածքում վերահսկելու, այն փակել- չփակելու, մասամբ թե ամբողջովին փակելու իրավունքը բացառապես մերն է: Հենց Նիկոլն է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր հայտարարություններով Լաչինի միջանցքն ամբողջովին փակելու հնարավորություն տվել Ադրբեջանին, և Արցախի բնակչության ցեղասպանության նախապատրաստման առումով հանցակիցն է Ալիևի:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի համաձայն՝ հակամարտության կողմեր են հանդիսանում Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ ՌԴ-ն կողմ չէ, ընդամենը միջնորդ է: Այն պարագայում, երբ Ադրբեջանը Լաչինի միջանցքի վերահսկողության իրավունքն իրեն վերապահելով, ավելին՝ Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ արգելափակելով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, քաղաքացիների և բեռների տեղափոխումը, խախտել է եռակողմ հայտարարության դրույթները, կողմերից մյուսը՝ Հայաստանն ի՞նչ պետք է անի…

Վերոնշյալ հարցի ողջամիտ պատասխանը հետևյալն է. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պարտավոր է ու պետք է դիմի միջնորդին, բարձրացնի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման հարցը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրի Մոսկվա հրավիրել Ալիևին, պայմանավորվածություն ձեռքբերումից հետո ինքն էլ մեկնի այնտեղ, և եռակողմ հանդիպման ընթացքում քննարկման առարկա դարձնի Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտման և Լաչինի միջանցքը շրջափակելու, դրանց անթույլատրելիության խնդիրը:

Ավելին. Հաագայի միջազգային դատարանը (ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան) դեռ ս. թ. փետրվարի 22-ին բավարարել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումը, և Ադրբեջանին պարտավորեցրել է բացել Լաչինի արգելափակված միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։

Անցել է ավելի քան 3 ամիս, սակայն Ադրբեջանը չի կատարել դատարանի նշված որոշումը, պահանջը, հակառակը՝ Լաչինի միջանցքի մասնակի շրջափակումից անցել է Արցախի համար կենսական նշանակություն ունեցող այդ միջանցքի ամբողջական արգելափակման:

Եթե Նիկոլի իշխանության կողմից Հաագայի միջազգային դատարան դիմելը սոսկ ձևական միջոցառում չէր՝ Հայաստանի և Արցախի բնակչությանը, նաև Սփյուռքին խաբելու, հայ հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու համար, ապա միանգամայն տրամաբանական է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կամ, կառավարության որոշմամբ, արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը Ադրբեջանի կողմից Հաագայի միջազգային դատարանի որոշումը չկատարելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կողմից որոշման կատարումն ապահովելու հարցով արդեն իսկ պետք է դիմած լինեին ՄԱԿ-ի ԱԽ: Սակայն դա, չնայած վերոնշյալի կապակցությամբ իրենց ուղղված հրապարակային պահանջներին, չեն արել ոչ միայն նախկինում, այլև հունիսի 15-ից՝ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումից հետո:

Ստեղծված իրավիճակում Ալիևի հետ եռակողմ հանդիպում կազմակերպելու հարցով Վլադիմիր Պուտինին չդիմելով, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հաագայի միջազգային դատարանի որոշումը չկատարելու և որոշման կատարումն ապահովելու հարցով ՄԱԿ-ի ԱԽ չդիմելով, Նիկոլն ու նրա իշխանությունը հաստատում են Ալիևի հետ Արցախի բնակչությանը սովամահ անելու, ինչպես նաև ԱՀ ինքնապաշտպանական կարողությունները նվազագույնի հասցնելու ճանապարհով Արցախի բնակչության ցեղասպանության նախապատրաստման գործում իրենց հանցակցությունը:

Հայաստանի քաղաքական ընդդիմությունը, մասնավորապես, նկատի ունենք նրա հիմնական դերակատարներին, առայժմ միայն դիտողի ու քննադատողի դերում են, մինչդեռ հարկ է ժողովրդին ոտքի հանել, շրջափակել Բաղրամյան 26-ը, Նիկոլից պահանջել վերոնշյալ հարցերով դիմել Պուտինի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Թեև «Ազգային ժողով» կոչվածի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անցյալ շաբաթ հայտարարել է, որ խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է փողոցային պայքարի, սակայն դրա համար որևէ ժամկետ չի հայտարարել, պայքարի օրը հանրությանը դեռ անհայտ է:

 

 

 

Արթուր Հովհաննիսյան