Վորոնեժում հակաահաբեկչական գործողության շրջանակում ՌԴ ԶՈՒ-ն իրականացնում է օպերատիվ միջոցառումներ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Վորոնեժի շրջանում իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և մարտական ​​միջոցառումներ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

«Վորոնեժի տարածքում հակաահաբեկչական գործողության շրջանակում ՌԴ զինված ուժերն իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ-մարտական ​​միջոցառումներ, կշարունակեմ տեղեկացնել իրավիճակի զարգացման մասին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։ Նա հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։

Դրանից հետո ՌԴ ՊՆը հայտնել է, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։